Armenian text to speach

Իրանը պարզաբանում է Կատարում ԱՄՆ ռազմաբազայի դեմ հարվածի հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Դոհայի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարվածը եղել է ինքնապաշտպանության ակտ և կապ չունի Կատարի հետ:

«Ալ-Ուդեիդ ռազմաբազայի դեմ իրանական զինված ուժերի հարվածն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակներում՝ ի պատասխան 2025թ. հունիսի 22-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ չհրահրված ագրեսիայի», – գրել է Բաղաեին իր X-ի էջում:

«Այս ինքնապաշտպանական գործողությունը որևէ առնչություն չունի մեր բարեկամ հարևան Կատարի հետ, որի հետ մենք ունենք գերազանց և խորը արմատներ ունեցող հարաբերություններ», – ընդգծել է նա:
Խոսնակը հավելել է, որ «Իրանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ Կատարի և այլ հարևան երկրների հետ բարիդրացիական քաղաքականությանը»:

«Մենք վճռական ենք թույլ չտալ, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հանցավոր ագրեսիան ու չարամիտ քաղաքականությունը Իրանի դեմ պառակտում առաջացնեն մեր և տարածաշրջանի եղբայրական երկրների միջև», – շեշտել է Բաղաեին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված էր հասցրել Կատարում տեղակայված ամերիկյան Ալ-Ուդեիդ ռազմաբազային՝ ի պատասխան Իրանի երեք միջուկային օբյեկտների դեմ Վաշինգտոնի վերջին հարվածների:

Անի Վարդանյան




Լրահոս