Armenian text to speach

ՄԵԾԱՄԱՍՇՏԱԲ ԳԱԶԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը գազագողության թեմայի վերաբերյալ, եւ ստացել ենք տեղեկություններ, որ իրավապահների կողմից կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել են գործել, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն նրանց դեռ չի տվել նոր՝ ստուգաչափված, կապարակնքված հաշվիչներ: Անհասկանալի է, թե նրանք ինչ հիմքով են գազ ստանում եւ վաճառում, ինչպես են հարկեր վճարելու պետությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այս տարվա հունվարի 17-ին նախաձեռնեց քրեական վարույթ, այն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ «քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ. Կ. (Վիլեն Կարապետյանի)-ի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»:

Ըստ քննչական կոմիտեի՝ Վիլեն Կարապետյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող 18 գազալցակայաններում, որի համար, Կոմիտեի նախագահի որոշումներով, վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։

Եվ ահա 50 քննիչներից մեկը որոշել է, որ Վիլեն Կարապետյանը ոչ միայն պետք է վերադառնա Հայաստան (նա փախել էր գործի հարուցումից հետո եւ գտնվում էր հետախուզման մեջ), այլեւ Մաքսանենգության գործերի քննության 4-րդ վարչության պետի տեղակալ Պապոյանը մի փաստաթուղթ է տվել փաստաբանական կողմին, որ Վիլեն Կարապետյանը, որն իրենց իսկ վարույթով անցնող ենթադրյալ կեղծարարության եւ գազագողության հիմնական դերակատարն է, կարող է շարունակել նույն գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» դեռ ստուգաչափված հաշվիչներ չի տրամադրել Վիլեն Կարապետյանին պատկանող որեւէ ընկերության, այսինքն՝ օրինական հիմքերով Կարապետյանին պատկանող լցակայանները գազ չեն ստանում, սակայն արդեն գործում են: Անհասկանալի է նաեւ ՊԵԿ-ի լռությունը. որտեղի՞ց են այդ լցակայանները գազ ստանում եւ վաճառում, ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը:                                                                  Մանրամասները՝ ArmLur.am կայքում:

 

 

 

 

 

2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների  չարաշահում եւ ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն: Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երեւանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար:

 

 

 

 

 

Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր: Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ոխերիմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար: Միաժամանակ հիշեցնենք, որ հրապարակվել են մեղադրանքներ, թե փոխնախարարը փորձել է որդուն ազատել զինվորական ծառայությունից՝ ծառայողական դիրքը ենթադրաբար օգտագործելով անձնական նպատակներով։ Սա անարդարության զգացում է առաջացնում, քանի որ Փաշինյանն ասում է՝ բոլորն օրենքի առջեւ հավասար են. բայց փոխնախարարի որդին արտոնյալ է, չի ծառայում: Ի հավելումն ներքին քաղաքական այս գերլարվածության՝ առողջապահական ոլորտում շարունակվում են լուրջ խնդիրները. դեղորայքի եւ սարքավորումների պակաս, կադրերի արտահոսք, թափանցիկության նվազում։ Նանուշյանի շուրջ ձեւավորված իրավիճակը կարող է լրջորեն ազդել ինչպես նրա պաշտոնավարման վրա, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ առողջապահական համակարգի վրա հանրային վստահության առումով։

 

 

 

Արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018 թվականից ի վեր, երբ քայլելով՝ ցուպը ձեռքին, հասավ Երեւան, աստիճանաբար տան տեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։ Նա այն ՔՊ-ականների շարքից է, ովքեր տան տեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո։ 2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։ Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝ գնելով հողամաս Տավուշի մարզի Իջեւան համայնքում 1 մլն 215 հազար դրամ արժողությամբ։ Բացի հողամասից՝ Հարությունյանը գնել է նաեւ բնակարան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն արժեցել է 36 մլն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 11.5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  26 մլն 771 հազար դրամ, որից 23 մլն 806 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 965 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամուտ է։ Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 420 հազար դրամ, ինչը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար էլ, որպես եկամտահարկի վերադարձ, Հարությունյանը ստացել է 2,9 մլն դրամ։




Լրահոս