ԱՆՀԵՏԵՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար շատերն են հիշում այս տարվա մարտի 11-ին  Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը` նվիրված տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթություններին: Դա այն խորհրդակցությունն է, որտեղ Սարգսյանը հրապարակավ խոստացավ. «Մեր ժողովուրդը, արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած, պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ»: Թե որքանով թեթեւացավ ժողովրդի կենցաղային հոգսը, կարծում ենք` հայտնի է բոլորին: Այդ առումով շարժն այնքան զգալի էր, որ նույնիսկ  թվանկարչության մեծ ընդունակություններ ունեցող Ազգային վիճակագրական ծառայությունն ի զորու չեղավ  դա պարտակել: Այսպես. ԱՎԾ տվյալներով` 2011թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 9.3%-ով: Այսինքն` պարենային ապրանքների գները ոչ միայն չեն «վերադարձել ժողովրդի աչքին սովոր մակարդակին», այլեւ զգալիորեն աճել են: Ասել է թե` Սերժ Սարգսյանն ու իր թիմն իրենց առջեւ դրված խնդիրը չկարողացան լուծել:  Ընդ որում, ի տարբերություն նախորդ` 2009-2010թթ., առանձնապես լուրջ դժվարություններ էլ չկային` ո՛չ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, ո՛չ էլ եղանակային վատ պայմաններ: Հետեւաբար Սերժ Սարգսյանը, ըստ էության, «որեւէ դժվարության առջեւ կանգնելու» խնդիր չուներ էլ, բացի սեփական ապիկար  տնտեսական թիմի փոփոխությունը: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ բոլոր միջոցները, որպեսզի այս խնդիրը լուծենք հենց իրավական դաշտում»,-ասել էր Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման մեխանիզմների թափանցիկությունն ու մրցակցության խթանումը: Թե որ ուղղությամբ  իրավիճակը փոխվեց այդ առումով, նույնպես հայտնի է` անցած ամիսների ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընդամենը մեկ-երկու մենաշնորհատեր իրար հետ փոխեցին մենաշնորհային ճյուղերը: Արդյունքում` գրանցվեց վերը նշված ցուցանիշը, եւ պարենային ապրանքների թանկացման դեմն առնելու Սերժ Սարգսյանի ծրագրերը ձախողվեցին: Բայց, ինչպես հիշում ենք, նույն այդ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը շեշտել էր. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացումներ պետք չեն»: Փաստը մնում է փաստ, որ ձախողումները բազմաթիվ են, մինչդեռ հետեւանքները` զրո: Ի վերջո, այսօր արդեն կարելի է հստակ ասել. Սերժ Սարգսյանն ունակ չէ որեւէ առանցքային պաշտոնյայի աշխատանքից ազատել նրա վատ աշխատանքի համար: Որեւէ պաշտոնյայից ազատվելու` Ազատիչի միակ մոտիվացիան կարող է լինել այդ պաշտոնյայի քաղաքականապես անհուսալիությունը: Իսկ մասնագիտականի վրա թքած:




Լրահոս