Armenian text to speach

Թրամփը սպառնում է Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ 35% մաքսատուրք սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025-ի հուլիսի 10-ին՝ ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կանադայից ներկրվող ապրանքների վրա կիրառել մինչև 35% ներմուծման տուրք՝ սրելով Միացյալ Նահանգների և իր հյուսիսային հարևանի միջև վաղուց սկսված լարված առևտրային պատերազմը։ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ պլանավորում է բարձրացնել նմանատիպ տուրքերը նաև այլ առևտրային գործընկերների նկատմամբ։

Նոր տուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, սակայն դեռ պարզ չէ, արդյոք դրանք կկիրառվեն Կանադայի բոլոր ապրանքների, թե միայն որոշակի՝ արդեն իսկ տուրքի տակ գտնվող ապրանքների վրա։

Կանադայի վարչապետ Մարք Կարնին հայտարարել է.
«Մենք շարունակելու ենք հաստատակամորեն պաշտպանել մեր աշխատողներին ու բիզնեսները՝ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների շրջանակում»։

Թրամփի կողմից ուղարկված նամակները, որոնք տեղեկացնում են օգոստոսի 1-ից տուրքերի նոր դրույքաչափերի մասին, հասցեագրվել են մոտ երկու տասնյակ երկրների ղեկավարներին։ Բայց Կանադան ԱՄՆ-ի ամենախոշոր առևտրային գործընկերն է, որ ստացել է այդպիսի նամակ վերջին շաբաթվա ընթացքում։ Երկու երկրները փորձում են առևտրային համաձայնության գալ մինչև հուլիսի 21-ը։

NBC-ի հաղորդմամբ՝ Թրամփը նշել է, որ այն երկրները, որոնք դեռ չեն ստացել այդ նամակները կամ դեռ չեն հասել համաձայնության ԱՄՆ-ի հետ, կկանգնեն ընդհանուր սակագնի տակ։ Ի դեպ, մինչ այժմ ԱՄՆ-ը բոլոր արտասահմանյան ապրանքների վրա կիրառել է միջինը 10% տուրք, սակայն Թրամփը հայտարարել է, որ կարող է այն կրկնապատկել՝ դարձնելով 20%։

Տվյալների համաձայն՝ Կանադան ԱՄՆ-ից 2024-ին ներմուծել է 349 միլիարդ դոլարի ապրանք, մինչդեռ ԱՄՆ Կանադայից ներմուծել է 413 միլիարդ դոլարի ապրանք։ Կանադական ապրանքներին տուրք սահմանելը կարող է հակադարձ ազդեցություն ունենալ ամերիկյան տնտեսության վրա, եթե Կանադան ևս հակադարձ տուրքեր մտցնի։

Անի Վարդանյան




Լրահոս