Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԿԱՏԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղծառայողների հանդեպ իսկական «վհուկների որս» է սկսվել. հերթով աշխատանքից ազատվում են այն քաղծառայողները (հիմնականում նախարարությունների աշխատակիցներ), որոնք վերջերս բաց նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով նախընտրական խոստումներից մեկը, համաձայն որի` 2012թ. պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձի չափը պետք է կազմի 207 հազար 800 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում պարբերաբար անդրադարձել է այս խնդրին եւ տեղեկացրել, որ կառավարությունը 2012թ. բյուջեի նախագծում այդպես էլ որեւէ գումար չի նախատեսել աշխատավարձի բարձրացման համար: Եւ դա էլ պատճառ էր դարձել, որ քաղծառայողները հանդես գային բաց նամակով:
Զարմանալին այն է, որ ժամանակին, Ս.Սարգսյանից բացի, այդ մասին խոսել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ծրագրավորում ենք 2009 թվականից կտրուկ ավելացնել քաղաքացիական ծառայությունում ընդգրկված աշխատողների աշխատավարձը` կտրուկ: Մենք տարածաշրջանում չենք դիմանում մրցակցությանը: Վրաստանում եւ Ադրբեջանում քաղծառայողների աշխատավարձերը 2-2,5 անգամ ավելի բարձր են, քան ՀՀ-ում»,-2008թ. մայիսի 8-ին կայացած կառավարության նիստում խոստացել էր նա: Պարզվում է՝ Տիգրան Սարգսյանի խոսքերն այդպես էլ մնացին օդում կախված, ու ոչ միայն 2009թ., այլեւ դրանից հետո չբարձրացվեցին քաղծառայողների աշխատավարձերը: Առավել եւս, որ արդարանալու համար հարմար առիթ կար. միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Բայց հիմա խնդիրն այն է, որ Տ.Սարգսյանը ժամանակին ոչ միայն չիրականացրեց իր խոստումները, այլեւ այսօր կարծես թե խոչընդոտում է Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացմանը: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ Ս.Սարգսյանը խոստանում է 2012թ. քաղծառայողների միջին աշխատավարձը հասցնել ավելի քան 200 հազար դրամի, իսկ ահա կառավարության՝ ԱԺ ներկայացրած 2012թ. պետական բյուջեում նախատեսված չէ աշխատավարձի բարձրացում: Ուրեմն՝ կա՛մ կառավարությունը միտումնավոր չի կատարում նախագահի ծրագիրը, կա՛մ Տ.Սարգսյանը որոշել է սեփական հայեցողությամբ խմբագրել ու վերաձեւակերպել Ս.Սարգսյանի նախընտրական ծրագիրը: Բայց սա արդեն այն խնդիրն է, որին Ս.Սարգսյանը պետք է արձագանքի անձամբ: Մի բան, որը նա այդպես էլ չի անում: Թեեւ նրա լռությունը եւս հասկանալի է. այս 4 տարիների ընթացքում Ս.Սարգսյանին չի հաջողվել իրականացնել իր նախընտրական ծրագրի ոչ միայն այս, այլեւ շատ ու շատ ուրիշ առանցքային դրույթներ:
Օրինակ՝ նա նաեւ խոստացել էր. «Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր կյանքի որակը բարելավվում է: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար», կամ` «Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն», կամ` «Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր եւ սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ նեղ մասնագիտացումն է, ցածր սոցիալական ակտիվությունը, որը հանգեցնում է սոցիալական անտարբերության: Գիտակցելով դա` ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին»: Թե որքանով են իրագործվել այս դրույթները, կարող է վկայել ցանկացած քաղաքացի: Համենայնդեպս, այս տարիների ընթացքում մարդկանց կյանքի որակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ ընդհակառակը, այստեղ էլ ավելի մեծ անկում է գրանցվել: Իսկ արտագաղթն արդեն հասել է կործանարար չափերի. օր օրի դատարկվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերը, այլեւ քաղաքները:
Եւ ահա այդքանից հետո վարչախումբը պարզապես պատժում է Ս.Սարգսյանին իրենց աշխատավարձի բարձրացման մասին հիշեցրած քաղծառայողներին: Պարզվում է՝ վերջին երկու ամիսների ընթացքում տարբեր նախարարություններից «զարմանալի զուգադիպությամբ» աշխատանքից ազատվել են այն մարդիկ, որոնք սոցիալական կայքերում ստորագրել էին բաց նամակի տակ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հատկապես դաժան են վարվել ՀՀ բնապահպանության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում: ՀՀ քաղծառայության խորհրդից տեղեկացանք, որ վերջին երկու ամիսների ընթացքում այս երկու նախարարություններում աշխատանքից ազատվել են 12 հոգի, ընդ որում, նրանցից 7-ը՝ սեփական դիմումի համաձայն: Այսպես ուրեմն՝ բնապահպանության նախարարությունից,  «սեփական դիմումի համաձայն», 2 հոգի է ազատվել աշխատանքից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 5 հոգի (2-ը հոկտեմբեր, 3-ը՝ նոյեմբեր ամիսներին): Այս նախարարությունից 5 հոգի էլ ազատվել է հաստիքների կրճատման կամ ատեստավորում չանցնելու պատճառով: Սա, իհարկե, խոսում է իշխանական ճամբարում տիրող «ժողովրդավարության» եւ այլակարծության հանդեպ հանդուրժողականության իսպառ բացակայության մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս