Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կրկին հաստատել է, որ Իրանը չի հրաժարվի իր միջուկային հարստացման ծրագրից։
Երկուշաբթի օրը Fox News-ի Բրեթ Բայերի հետ բացառիկ հարցազրույցում Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակն՝ ամբողջությամբ արգելափակել Իրանի ուրանի հարստացման հնարավորությունները, դժվար թե իրականանա՝ միջազգային խիստ պատժամիջոցների սպառնալիքների պայմաններում։
«Մենք չենք կարող հրաժարվել հարստացումից, քանի որ դա մեր գիտնականների ձեռքբերումն է։ Եվ հիմա, ավելին, դա ազգային հպարտության հարց է», – ասել է Արաղչին։ «Մեր հարստացումը մեզ համար շատ թանկ է», – հավելել է նա։
Նախարարը հաստատել է, որ անցած ամիս ԱՄՆ-ի հարվածների հետեւանքով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը «լուրջ» է եղել, սակայն հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք հարվածներից հետո հարստացված ուրանի որեւէ քանակ պահպանվել է, թե ոչ։
«Մեր օբյեկտները վնասվել են՝ լրջորեն վնասվել», – նշել է Արաղչին։ «Վնասի չափը ներկայումս գնահատում է մեր ատոմային էներգիայի կազմակերպությունը»։
Արաղչին նշել է, որ Իրանը «բաց է բանակցությունների համար» ԱՄՆ-ի հետ, սակայն այդ բանակցությունները առայժմ ուղղակի չեն լինի։
«Եթե նրանք (ԱՄՆ-ը) գալիս են փոխշահավետ լուծման համար, ես պատրաստ եմ ներգրավվել այդ գործընթացում», – ասել է նա։
«Մենք պատրաստ ենք իրականացնել ցանկացած վստահություն ստեղծող քայլ, որպեսզի ապացուցենք, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է եւ միշտ խաղաղ կմնա, եւ որ Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենքի։ Փոխարենը մենք ակնկալում ենք, որ նրանք կհանեն իրենց պատժամիջոցները», – հավելել է արտաքին գործերի նախարարը։
«Մեր միջուկային ծրագրի համար գոյություն ունի բանակցային լուծում։ Մենք դա արդեն մեկ անգամ արել ենք անցյալում։ Պատրաստ ենք դա կրկին անել», – նշել է Արաղչին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































