Ընդդիմադիր դաշտի ճամփան բռնած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դեռ շարունակում է օգտվել իշխանական լծակներից: Տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Ա. Բաղդասարյանը հանդիպել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա):
Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար:
Armlur.am-ի տեղեկություններով ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի մոտ, որոշել է գործին «խառնել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, որը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է:
Բայց միաժամանակ Ա. Բաղդասարյանը Լիսկային առաջարկել է պատրաստվել նոր աշխատանքին եւ մի լավ էլ մաղարիչ «կազմակերպել»: Այս մասին ՕԵԿ-ի ներսում բավականին թվով մարդիկ գիտեն:
Կհաջողվի՞ Լիսկային ու ՕԵԿ առաջնորդին այս ծրագիրը գլուխ բերել, դժվար է ասել, քանի որ ՕԵԿ-ից դուրս եկած ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը:
Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը իր պաշտոնին հրաժեշտ տվեց այն բանից հետո, երբ 2013 թվականի հունիս 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան բակում կրակոցներ հնչեցին, որի ժամանակ տեղում մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Որոշ ժամանակ հետո Ա. Բուդաղյանին սպանելու համար կալանավորվեց Ս. Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այնուհետեւ ազատ արձակվեց, պատճառաբանելով, թե նա ընդամենը պաշտպանվել է:
Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից. «Այն լուրերը, թե Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին բարեխոսել է Սուրեն Խաչատրյանին նշանակել Արտակարգ իրավիճակների նախարար, չի համապատասխանում իրականությանը: Արթուր Բաղդասարյանն ու Սուրեն Խաչատրյանը նույնիսկ հանդիպում չեն ունեցել»:
Իսկ Ս. Խաչատրյանի հեռախոսին պատասխանեց ինչ-որ մեկն ու խոստացավ փոխանցել, որ իրեն զանգահարել ենք: