Armenian text to speach

Բրազիլիան պատժամիջոցներ է սահմանում Իսրայելի նկատմամբ Գազայում իրականացվող ցեղասպանության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրազիլիան հայտարարել է, որ որոշել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ՝ դիվանագիտական, առևտրային և ռազմական կապերի սահմանափակմամբ, ի պատասխան Գազայի դեմ Իսրայելի 2023 թվականի հոկտեմբերից շարունակվող պատերազմին, որը Բրազիլիան որակել է որպես ցեղասպանություն։ ՄԱԿ-ում Պաղեստինի հարցով բարձր մակարդակի համաժողովի ժամանակ Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան հայտարարել է, որ Բրազիլիան դադարեցնում է Իսրայելին ռազմական տեխնիկայի արտահանումը։ Նա նաև նշել է, որ երկիրը սկսում է հետաքննություններ՝ կապված Արևմտյան ափի օկուպացված տարածքներում գտնվող անօրինական բնակավայրերից ներմուծվող ապրանքների հետ։

Այս հայտարարությունը հաջորդել է Բրազիլիայի ավելի վաղ որոշումներին՝ դադարեցնել Իսրայելից ռազմական գնումները, հետ կանչել իր դեսպանին Թել Ավիվից և հետաձգել Բրազիլիայում նոր իսրայելցի դիվանագետի նշանակումը։

Վիեյրան նշել է, որ «երբ առկա են ցեղասպանության վերաբերյալ վստահելի մեղադրանքներ, միջազգային իրավունքը պարզապես հիշատակելը բավարար չէ. այն պետք է կիրառել վճռականությամբ»։

Նա հղում է արել Միջազգային դատարանի  2024 թվականի ուղեցույցներին, որոնք կոչ են անում պետություններին կատարել իրենց պարտավորությունները օկուպացված պաղեստինյան տարածքների վերաբերյալ, ընդգծելով Բրազիլիայի հանձնառությունը՝ ապահովելու պատասխանատվություն։ Բրազիլիայի արտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը «չի հանդուրժի Իսրայելի շարունակական անպատժելիությունը»։

Նա նաև նշել է, որ Բրազիլիան որոշել է ակտիվորեն մասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ Միջազգային դատարանում ներկայացված ցեղասպանության գործին՝ հիմնված Ցեղասպանության կոնվենցիայի վրա։

Բրազիլիան, ըստ Վիեյրայի, աջակցում է նաև ՄԱԿ-ի Ապարտեիդի դեմ հատուկ կոմիտեին նմանատիպ մեխանիզմի ստեղծմանը՝ Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ ծայրահեղ ռասայական խտրականության դեմ պայքարելու համար։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

 




Լրահոս