Կարեն Դեմիրճյանի երազանքը հզոր Հայաստանն էր. Ռիմա Դեմիրճյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրացավ ՀՀ ազգային հերոս, հասակական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի 82-ամյակը:

Նրան նվիրված ցերեկույթ էր կազմակերպվել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, որտեղ հավաքվել էին ընտանիքի անդամները, մտերիմ-բարեկամները:

Armlur.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ ամուսինը ողջ կյանքում մարդու մեջ գնահատել է բարոյականությունը, կյանքին` մեկ մոտեցումը, մեկ սկզբունքի տեր լինելը. «Եթե դրսում նրան ճանաչում էին որպես ճշմարիտ, արդար, ազատամիտ, ժողովրդամոտ, մարդասեր, հումորով, ապա նույնպիսին էր տանը, պարզապես տանը նա իր ուսերից գցում էր ծանր բեռը, որ ղեկավարը զգում է միշտ: Տունը նրա համար մի հանգրվան էր, որտեղ լիցքաթափվում, հանգստանում էր, դա էր տարբերությունը»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ երազանք ուներ Կարեն Դեմիրճյանը, Ռիմա Դեմիրճյանը պատասխանեց. «Նրա երազանքը հզոր Հայաստանն էր և ամբողջ կյանքը նվիրել է դրան: Նա ասում էր, որ եթե ուզում ենք աշխարհը մեզ ճանաչի, մենք պետք է առաջատար, զարգացած երկիր լինենք, ինչպես հիմա սովետական միությունը տեխնոլոգիաներով կախված է արևմուտքից, այնպես էլ մեր հարևան երկրները պետք է կախված լինեն մեզանից»:

Ռիմա Դեմիրճյանն ասաց նաև, որ Կարեն Դեմիրճյանի ամենամեծ ցանկություններց էր այն, որ հայ ժողովուրդը լինի կրթված, զարկ տա գիտությանն ու արդյունաբերությանը:

Անուշ Ամիրբեկյան




Լրահոս