Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Արցախի Մարտակերտի շրջանի Վանք և Քոլատակ գյուղերում ադրբեջանցիներին տներ են տրամադրել: 10 միլիոն 197 հազար 146 բնակչությամբ Ադրբեջանը օկուպացված Արցախի Վանք գյուղու բնակեցրել է 22 ընտանիք՝ 83 բնակչով, իսկ Քոլատակում՝ 26 ընտանիք՝ 89 բնակչով:
Ադրբեջանի տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Արցախում շուրջ 50 հազար ադրբեջանցի է արդեն բնակվում:
Տեղեկացնենք, որ 2015 թվականի մարդահամարի տվյալներով Վանն գյուղում կար 391 ընտանիք՝ 1574 բնակչով, իսկ Քոլատակ գյուղում 2015 թվականի դրությամբ բնակվում էր շուրջ 88 ընտանիք՝ 250 բնակչով, իսկ արդեն 2020 թվականի պատերազմից հետո, տարհանված բնակավայրերից Քոլատակում բնակչություն հաստատեց շուրջ 25 ընտանիք: Հավելենք նաև այն, որ անգամ Խորհրդային տարիներում Քոլատակ գյուղում ադրբեջանցիները չեն ապրել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ իրականացրել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա, ինչին հաջորդել է Արցախի հայաթափումը:
Նանիկ Աղասյան






























