«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում սեպտեմբերի 5-6-ին Բաղրամյան և Նորակերտ բնակավայրերում անցկացվել են հանդիպումներ, որոնց առանցքում շահառու համայնքին ծրագրի բոլոր բաղադրիչների համապարփակ և համակարգված ներկայացումն էր։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկումները անց են կացվել Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության, հողերի կոնսոլիդացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման, ինչպես նաև գրանտային աջակցության բաղադրիչների շուրջ։
Հանդիպումների ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրել են յուրաքանչյուր բաղադրիչի նպատակներն ու գործառույթները, ապա շահառուների հետ քննարկել դրանցում ներգրավվելու ուղիներն ու նախապայմանները։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։





























