Armenian text to speach

Բախումներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. տուժել են լրագրողներ ու ցուցարարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 8-ի երեկոյան սրացումներ են տեղի ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտակայքում։ Լրատվամիջոցների հաղորդումներով եւ տարածված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմնակիցները հարձակվում ցուցարարների վրա, բիրտ ծեծի ենթարկում նրանց։ Կան մի քանի վիրավորներ, որոնց թվում նաեւ՝ կանայք եւ լրագրողներ:

Բախումները շարունակվել են մոտ երկու ժամ ։  Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ սկսվել է «խմբային բռնության» դեպքով նախաքննություն։ Ըստ նրանց, ոստիկանները «ձեռնարկել են բոլոր համապատասխան միջոցները՝ լարվածությունը թուլացնելու եւ բախումների սրացումը կանխելու համար»։

Սակայն ցուցարարները պնդում են, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչ միայն չեն կանխել հարձակումները, այլեւ ոչ մի ձերբակալում չեն իրականացրել։ Չնայած նրան, որ ցուցարարները պնդում են, թե արդեն ճանաչել են մի քանի հարձակվողների, նրանցից ոչ մեկը ձերբակալված չէ։

Ականատեսների վկայությամբ, բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ցուցարարները, ովքեր շարժվում էին Հանրային Հեռարձակողի շենքից, հասել են Կալաձեի նախընտրական շտաբի մոտ։ Ցուցարարները պնդում են, որ մի քանի տասնյակ իշխող կուսակցության ակտիվիստներ սպասում էին նրանց կայանած մեքենաների մեջ։ Երբ ցուցարարները սկսում են հակակառավարական կարգախոսներ հնչեցնել, հարձակվողները սկսել են հարվածել նրանց՝ օգտագործելով նաեւ երկաթե ձողեր։

Բախումների հետեւանքով վիրավորվել են նաեւ լրագրողներ : Publika լրատվամիջոցը հայտնել է, որ իրենց լրագրողները՝ Ալեքսանդր Կեշելաշվիլին եւ Կետո Միկաձեն, ենթարկվել են ֆիզիկական բռնության, նրանց հեռախոսները խլել են։ Netgazeti-ն հայտնել է, որ իրենց լրագրող Կետեւան Խուցիշվիլին ոստիկանը  հեռացրել  է դեպքի վայրից:Հունգարացի լրագրող Լասլո Մեզեսը եւս վիրավորվել է. նա ստացել է դեմքի եւ ձեռքերի վնասվածքներ։ Մի քանի վիրավորներ հոսպիտալացվել են։

Բախումների ժամանակ հարձակվողները նույնիսկ վնասել են ոստիկաններից որոշներին։ Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է Կալաձեի շտաբից մի տղամարդ շիշ է նետում ցուցարարների ուղղությամբ, որը հարվածում է ոստիկանի դեմքին։

Իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Այսօր արդեն երրորդ անգամ, գերմանական դեսպանի կողմից աջակցվող խամաճիկները, ֆաշիստական կարգախոսներով, հարձակվել են Վրացական երազանքի նախընտրական շտաբի վրա։ Օտարերկրյա դեսպանի կողմից նման ծայրահեղականներին աջակցելը ընտրություններին միջամտելու եւ Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»։

 

Անի Վարդանյան




Լրահոս