Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեպալում զանգվածային բողոքի ակցիաներ են․ սոցիալական մեդիայի արգելքից մինչև իշխանության ճգնաժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն շարունակում է մնալ բողոքի զանգվածային ակցիաների կիզակետում։ Վերջին օրերին ծավալված անկարգությունները սկիզբ են առել կառավարության այն որոշումից հետո, որով արգելվել էին 26 սոցիալական մեդիա հարթակների շահագործումը, այդ թվում՝ Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի։ Թե և այդ որոշումը հետագայում չեղարկվել է, հասարակության վրդովմունքը չի հանդարտվել։ Սկզբնական բողոքը շատ արագ վերածվել է լայնածավալ հակակոռուպցիոն շարժման՝ երիտասարդ սերնդի՝ Gen Z-ի ներկայացուցիչների գլխավորությամբ։ Նրանք պահանջում են համակարգային փոփոխություններ, կոռուպցիայի դադարեցում և իշխանությունների հաշվետվողականություն։

Բողոքի ակցիաները ուղեկցվել են լուրջ բռնություններով։ Ցուցարարները հարձակումներ են իրականացրել պետական շենքերի, խորհրդարանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանների վրա։ Մինչ այժմ հաստատվել է առնվազն 22 մարդու մահվան լուրը, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Բողոքի այս ալիքի արդյունքում երկուշաբթի օրը հրաժարական էր ներկայացրել Նեպալի վարչապետ Քե Պե Շարմա Օլին։

Իրավիճակի սրումը հանգեցրել է նաև բազմաթիվ բանտերից փախուստների։ Կասքի և Տուլսիպուր շրջանների ոստիկանությունները հաղորդել են համապատասխանաբար 773 և 127 դատապարտյալի փախուստի մասին։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ կարող են լինել այլ նմանատիպ դեպքեր, որոնք դեռևս չեն հաստատվել։

Ի պատասխան ստեղծված իրավիճակին՝ Նեպալի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են վերահսկողություն հաստատել երկրում՝ կանխելու հետագա ավերածությունները։ Զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելն իր տեսաուղերձում կոչ է արել ցուցարարներին ցուցաբերել զսպվածություն և երկխոսության միջոցով փնտրել լուծումներ։ Նա ընդգծել է, որ բանակը պարտավոր է պահպանել ազգային միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և վերահաստատել է, որ ցուցարարների հետ պատրաստ են երկխոսության։

Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը ևս կոչ է արել ցուցարարներին՝ ընտրել հարցի կարգավորման խաղաղ ճանապարհ, նշելով, որ բռնությունները միայն խորացնում են ճգնաժամը։ Սակայն թե ով կփոխարինի հրաժարական տված վարչապետին, և ինչ ուղի կընտրի երկիրը առաջիկա օրերին, այս պահի դրությամբ մնում է անորոշ։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս