Armenian text to speach

Արքայազն Հարին անսպասելի այց է կատարել Կիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Արքայազն Հարին  անսպասելի այց է կատարել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այցը հաջորդել է նրա՝ Մեծ Բրիտանիա կատարած ամենաշաբաթյա այցին, որի ընթացքում Հարին հանդիպել է իր հորը՝ արքա Չարլզ III-ին․ սա նրանց առաջին անձնական հանդիպումն էր վերջին 19 ամիսների ընթացքում։

Հաղորդվում է, որ այցը կատարվել է ուկրաինական կառավարության հրավերով, իսկ Հարին իր Invictus Games հիմնադրամի միջոցով ծրագրում է ներկայացնել նոր նախաձեռնություններ՝ վիրավոր ուկրաինացի զինվորներին  աջակցելու համար ։

Հարին ինչպես շատ թագավորականներ, ներգրավված է տարբեր բարեգործական ծրագրերում՝ հատկապես զինվորականների աջակցման ուղղությամբ։ 2014-ին նա հիմնեց Invictus Games միջազգային մարզական մրցաշարը՝ նվիրված վիրավորված վետերաններին ու զինծառայողներին։ Նա այցելել է նաև այլ երկրներ՝ հանդիպելով վիրավորված զինվորների հետ, այդ թվում՝ Նիգերիայում իր կատարած շրջայցի ժամանակ։

Այս տարվա ապրիլին Հարին արդեն մեկ անգամ անսպասելի այցելել էր Ուկրաինա և Լվով քաղաքում հանդիպել պատերազմի մասնակիցներին։

Չորեքշաբթի օրը, մինչ Հարին  դեռ Մեծ Բրիտանիայում էր, նրա գրասենյակը հայտնեց, որ նրա հիմնադրամը նվիրաբերում է 500,000 դոլար՝ աջակցելու Գազայի և Ուկրաինայի երեխաներին։

Բրիտանական թագավորական ընտանիքը բազմիցս հայտնել է իր աջակցությունը Ուկրաինային։ Էդինբուրգի դքսուհի Սոֆին, նախորդ տարի այցելել էր Ուկրաինա՝ աջակցելու պատերազմական սեռական բռնություններից տուժածներին։ Իսկ արքայազն Ուիլյամը 2023-ին այցելել էր ուկրաինական-լեհական սահման՝ հանդիպելու բրիտանացի և լեհ զինծառայողների հետ։

Հեղինակ՝  Անի Վարդանյան




Լրահոս