Տգետ բժիշկները դեմ են պատվաստումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմունիզացիայի համաշխարհային շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկման դասընթացներ:

Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` բացման խոսքով հանդես եկավ Առողջապահության փոխնախարար Խաչատրյանը, ով ընթերցեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի ուղերձը պատվաստումների կարևորության վերաբերյալ:

Ուղերձի ընթերցումից հետո փոխնախարարը ևս կարևորեց պատվաստումները, որոնց շնորհիվ իջել և շարունակում է իջնել մահացությունը, հատկապես ԱՊՀ երկրներում:

«Հայաստանում իրականացվելու են նոր պատվաստումներ, և հասնելու ենք լավ ցուցանիշների»,- համոզմունք հայտնեց Խաչատրյանը:

Այս նախաձեռնությունն այս տարի հանդես է գալիս «Պատվաստվիր հանուն առողջ ապագայի», «Իմացիր, ստուգվիր, պաշտպանվիր», «Իմունիզացիա ամբողջ կյանքի ընթացքում» կարգախոսներով:

Առողջապահության նախարարության աշխատակից Գայանե Սահակյանը իր խոսքում ասաց, որ Հայաստանում տարեկան մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պատվաստվում է 40 երեխա: Սրան զուգահեռ, սակայն, տոկոսային առումով փոքր, բայց այնուամենայնից 2-3 տոկոսը չի պատվաստվում:

«40 հազարի համեմատ, իհարկե, 2-3 տոկոսը փոքր թիվ է, բայց տարիների ընթացքում այդ չպատվաստվածների թիվն աստիճանաբար տարիների ընթացքում ավելանում է և դառնում մի հոծ զանգված»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով` ԶԼՄ-ների դերը կարևոր է այնքանով, որ հասարակությանը պարբերաբար տեղեկացնեն և հիշեցնեն` որքան կարևոր են պատվաստումները և ճակատագրական ինչ նշանակություն կարող են ունենալ մարդու համար:

Ի դեպ, որքան էլ զարմանալի է, ինչպես խոստովանեց փոխնախարարը, Հայաստանում կան քիչ թվով բժիշկներ, որոնք դեմ են պատվաստումներին:

Ավելին, որոշ բժիշկների երեխաներ անգամ պատվաստված չեն: Փոխնախարարը սա համարում է տգիտություն և անգրագիտություն: Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե տվյալ բժիշկն ինչ գործ ունի ԱՆ-ում, փոխնախարարն ասաց, որ դա ուրիշ թեմա է, բայց միևնույն ժամանակ խոստովանեց, որ բժիշկների մեծ մասը կողմ է պատվաստումներին և նրանց երեխաները պատվաստված են:

Հ.Գ. Պատվաստումների շնորհիվ տարեկան երեք միլիոն կյանք է փրկվում:




Լրահոս