Դումանյանի անցյալն իրո՞ք մաքուր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը բավականին հարուստ կենսագրություն ունի, նույնիսկ մտածում ես, թե ինչպես է այդքանը հասցրել:

Այսպես, աշխատանքային ուղին սկսելով Երեւանի տրիկոտաժի ֆաբրիկայում բանվոր աշխատելով` Դումանյանը ճիշտ կրթություն ստանալու արդյունքում, ընդ որում ոչ միայն հայրենիքում, այլեւ Մոսկվայում ավարտելով ասպիրանտուրան ու այնտեղ էլ բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալով՝ հասցրել է լինել թե՛ աղետի գոտում, թե՛ մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին:

Իսկ այս ամենը չի մոռացվել. հետագայում Դ. Դումանյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվանական պարգևով, Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով` «1988թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար», պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2006-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով եւ այլն:

Ի դեպ, armlur.am-ի այս խորագրի տակ մինչ օրս ներկայացրած բոլոր հերոսների համեմատ կարելի է ասել, որ Դումանյանն ունի գրեթե անթերի կենսագրություն: Գոնե այն իմաստով, որ եթե նույնիսկ իր անցած ուղիում սև էջեր եղել են կամ կան, ապա նա կարողացել է դրանք այնպես քողարկել, որ մամուլին ոչ մի «ուտեչկա» չհասնի: Եվ գուցե հենց այդ իրավիճակի արդյունքում է, որ նա կարողացել է վաստակել Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունն ու վստահությունը: Սակայն նախարար վերանշանակվելու հարցում այդ հանգամանքը չօգնեց նրան:

Դերենիկ Դումանյանի գործունեության վառ էջերը սկսվեցին 2011-ին, երբ նա նշանակվեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր: Ինչպես մյուս բուհերում, Բժշկական համալսարանում ևս ռեկտորի թեկնածուն մեկն էր, ու Դումանյանն այդ պաշտոնում ընտրվեց բուհի խորհրդի անդամների ձայների 31 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ: Այն ժամանակ երևի քչերի հավատն էր գալիս, որ համալսարանը վերջապես ազատվեց հանրահայտ ու աղմկահարույց ճանաչում ունեցող ռեկտոր Գոհար Քյալյանից:

Դեռևս բժշկականի ռեկտորի պաշտոնակատար եղած ժամանակ նա հասցրել էր բուհն ազատել Գոհար Քյալյանի կադրերից, հատկապես՝ աշխատակազմի ղեկավարից` նախկին ռեկտորի մտերիմ Վարդան Վարդազարյանից:

Նշենք, որ Քյալյանը երբ նոր էր ընտրվել ռեկտոր, բացի Ռոբերտ Քոչարյանի վստահությունից եւ աջակցությունից, որեւէ այլ առավելություն չուներ: Իսկ թե ինչպես աշխատեց եւ ինչ եղավ հետո, բոլորիս է հայտնի. նա ուղղակի պատուհաս էր դարձել համալսարանականների ու բժշկական համակարգի գլխին: Անձնական «սիմպատիաներով» առաջնորդվելով` նա կլինիկաներ էր փակում, վաստակաշատ բժիշկներին գործազուրկ էր դարձնում:

Դերենիկ Դումանյանը ռեկտորի պաշտոնում մնաց 15 ամիս: 2012թ. Դումանյանը նշանակվեց Առողջապահության նախարար և մնաց պաշտոնում երկու տարի:

Դեռ նոր էր Դումանյանը նախարար նշանակվել, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Կառավարության անդամների հետ, որտեղ վերջինիս պահվածքը երկար ժամանակ դարձավ լայն քննարկման թեմա: Ողջ քաղաքական դաշտն այդ ժամանակ ակտիվորեն քննարկում էր Սերժ Սարգսյանի ելույթը: Ելույթի ընթացքում նախագահը կարճ անուններով էր դիմել նախարարներին և նախատել: Մասնավորապես, այն ժամանակ խոսակցություններ կային, որ այդ նիստը բավականին ծանր է տարել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ում Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ դիմել է «Դերո» անունով` նրան խիստ հայացքով կոչ-հորդորներ անելով: Եվ սա այն դեպքում, երբ Դերենիկ Դումանյանը դեռ նոր էր ստանձնել նախարարի աթոռը, և շատ մեծ ցանկության դեպքում անգամ հասցրած չէր լինի «խոշորագույն հանցագործություններ» իրականացնել:

Դերենիկ Դումանյանի շուրջ հանրության ուշադրությունը մեծացավ Վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությունից հետո, երբ պարզ դարձավ, որ շատ նախարարներ ատկատներ են թույլ տվել: Զեկույցից հետո նախարարները մեկ առ մեկ հանդես էին գալիս մամուլի ասուլիսով և արդարանում, թե իրենց նախարարությունում ատկատներ չկան: Նրանցից էր նաև առողջապահության նախկին նախարարը: Նա միայն հայտարարում ու հայտարարում էր, թե առողջապահության համակարգում երեք անգամ պակասել է ստվերը:

Դումանյանն այս տարիների ընթացքում կարողացել է դրամական միջոցներ տնտեսել:

Ըստ ունեցվածքի և գույքի հայտարարագրի՝ Դումանյանն ունի 17.500.000 դրամ, 30.000 դոլար և 8.000 եվրո: Սակայն, նախարարն ապրում էր միայն աշխատավարձով, որն էլ հանդիսանում էր նրա եկամտի միակ աղբյուրը:

Նշենք, որ Դումանյանի տղան` Գուրգեն Դումանյանն այժմ զբաղեցնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նրան ցանկանում են տանել կառավարություն և նշանակել նորանշանակ Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ: Ստացվում է, որ հայրը հանուն որդու «զոհեց» իր պաշտոնը, քանի որ մոտ ազգականներն իրավունք չունեն կառավարությունում միաժամանակ բարձր պաշտոններ ունենալ:




Լրահոս