Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է, որ Եվրոպայի կողմից ՄԱԿ-ի պատժամիջոցները վերսկսելու ուղղությամբ ձեռնարկված քայլը միայն կխորացնի Եվրոպայի մեկուսացումը միջազգային ասպարեզում։ Ալ Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում Վելայաթին հայտարարել է, որ այս որոշումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ոգին և միտված է ճնշում գործադրել դիմադրության ճակատի վրա՝ փորձելով խոչընդոտել Իրանի գիտական և պաշտպանական առաջընթացը։
«Այս քայլը ոչ մի գործնական արդյունք չունի և ծառայում է որպես քաղաքական ու քարոզչական գործիք։ Դա միայն ավելի կմեկուսացնի Եվրոպային աշխարհից», – նշել է Վելայաթին։
Նա շեշտել է, որ Իրանը միշտ էլ կարևորել է խաղաղ դիվանագիտությունը, սակայն արտաքին դավադրություններին կպատասխանի ուժով և ազգային արժանապատվությամբ։ «Իրանը, հենվելով հավատքի, գիտության և ազգային համերաշխության վրա, կշարունակի իր զարգացման ուղին՝ չնայած Արևմուտքի ճնշումներին», – հավելել է նա։ Վելայաթին խստորեն դատապարտել է նաև վերջին իսրայելական հարձակումը Քաթարի վրա՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը որակելով որպես «քրիստոնեական խաչակրաց պատերազմների շարունակություն»։ Նա նշել է, որ հարձակումը նպատակ ուներ թիրախավորել ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին, սակայն ձախողվելով՝ Վաշինգտոնը փոխել է իր դիրքորոշումը՝ ձևացնելով, թե չի աջակցել այդ գործողությանը։ «ԱՄՆ-ի ղեկավարները որևէ սկզբունքի հետևողականություն չունեն՝ առավոտյան մի բան են ասում, երեկոյան՝ մեկ այլ», – նշել է նա։
Վելայաթին նաև մեղադրել է Մեծ Բրիտանիային՝ իբր իսրայելական օդուժին վառելիք մատակարարելու մեջ՝ շեշտելով, որ Լոնդոնը դա ներկայացրել է որպես «համատեղ զորավարժություն Քաթարի հետ»՝ հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով։ «Արևմտյան ուժերը շարունակում են չխնայել ոչ մի հանցանք իսլամական ժողովուրդների դեմ», – ասել է Վելայաթին՝ հույս հայտնելով, որ իսլամական և արաբական աշխարհը կսովորի այս դառը փորձից։
Վելայաթին անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ Հեզբոլահի զինաթափման փորձերը դատապարտված են ձախողման։ «Դիմադրությունը այսօր ավելի ուժեղ է, փորձառու և վճռական», – ասել է նա։
Նա նաև նշել է, որ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը շարունակում են դիմադրել ԱՄՆ-ի ծրագրերին։
Գազայի վերաբերյալ Վելայաթին Իսրայելի գործողությունները որակել է որպես «մարդկության դեմ հանցագործություն և ցեղասպանության փորձ»՝ ընդգծելով, որ թիրախավորվում են երեխաներ, հղի կանայք, մտավորականներ և ենթակառուցվածքներ։
Վերջում Վելայաթին կոչ է արել․
• բացել մարդասիրական անցումներ Գազա,
• ստեղծել հատուկ դատարան իսրայելական պատերազմական հանցագործությունների համար,
• կիրառել պատժամիջոցներ Իսրայելի դեմ,
• ապահովել անկեղծ և չցենզուրացված լուսաբանում միջազգային լրատվամիջոցների կողմից։
Նա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը համեմատել է Հիտլերի վարած քաղաքականության հետ՝ նշելով, որ Վաշինգտոնը կրկնում է պատմությունը՝ չհասնելով դրական արդյունքի։
Անի Վարդանյան






























