ՄՈՐՄՈՆՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի թիվ 161 մանկապարտեզում միջոցառման ժամանակ, երբ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ պատվել էր միջոցառումը, սկանդալային իրավիճակ է արձանագրվել: «Հիսուսի վերջին օրերի սրբեր» կրոնական կազմակերպությունը (մորմոններ)  կրոնական տեսանյութեր եւ գրականություն, բուկլետներ է տարածել, որը չի հաջողվել իրականացնել լայն թափով:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ, ինչո՞ւ են կրոնական կազմակերպությունները հենց մանկապարտեզներում սկսել քարոզչությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Որքանով ես տեղյակ եմ, Հայաստանում որեւէ կրոնական կազմակերպություն իրավունք չունի դպրոցներում եւ մանկապարտեզներում  քարոզչություն իրականացնել: Բայց քանի որ Հայաստանում  ամեն ինչ բարձիթողի վիճակում է գտնվում, այս ոլորտը եւս բացառություն չէ: Եւ նման կազմակերպությունները, օգտվելով այդ վիճակից, ազատ զբաղվում են հոգեբուժությամբ: Կարծում եմ, որ այդ կազմակերպությունը եւս բացառություն չէ եւ պարզապես օգտվել է առիթից:

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 իրավապաշտպան


ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ նրանց գործունեությունը պայմանավորված է նրանով, որ ինչքան հնարավոր է շատ մարդու կարողանան քարոզել: Եւ ի տարբերություն ավետարանչականների ու ադվենտիստների, նրանք եւ Եհովայի վկաներն ավելի շատ են աշխատում, քանի որ նրանց քարոզչության մեջ մտնում է էսպիսի բան. նրանք ինչքան հնարավոր է` պետք է շատ մարդու փրկեն: Իսկ ինչո՞ւ հենց մանկապարտեզ, որովհետեւ մանուկներն ավելի շատ փրկության կարիք ունեն: Այդ պատճառով էլ նրանք մտնում են մանկապարտեզ, որ որքան հնարավոր է` հենց փոքր տարիքից  մարդկանց փրկության ճանապարհի վրա դնեն: Ինչ վերաբերում է եկեղեցուն, նա ոչինչ չի կարող անել, քանի որ ենթարկվում է պետության օրենքներին, բայց պետական կառույց չէ  եւ անջատված է պետությունից:  

Թովմա քահանա Անդրեասյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր  ինչպես խոցելի են  սոցիալական ու տնտեսական պայմանները, այնպես էլ խոցելի է եկեղեցին: Ես կարծում եմ, որ ծիսական կյանքը լավ կազմակերպված չէ, նրանք լավ չեն աշխատում, որից էլ օգտվում են նման կրոնական կազմակերպությունները: Եւ որքան էլ մենք փարիսեցու նման օրվա մեջ հազար անգամ Աստծո անունը տանք, միեւնույն է, մենք չենք գիտակցում, թե ինչ է իրենից ներկայացնում հավատքը, եւ նրա դերակատարությունը մեր կյանքում: Կարծում եմ` ընտանիքներում ու դպրոցներում նախ պետք է լավ կազմակերպվի ծիսական կյանքը, եւ պետք է փորձել երեխաներին հետ պահել կրոնական նման կազմակերպություններից:  

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
 ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ. Դա հոգեորսություն է, որի հետեւանքով էլ ոտնահարվում են մեր ազգային ինքնությունն ու ազգային հավատքի իրավունքը, որովհետեւ եթե մենք ընդունում ենք  հավատքի ազատություն, դա չի նշանակում, որ նման կրոնական կազմակերպությունները կարող են ոտնահարել հավատքի իրավունքը: Մեր պետությունը հենց դրա համար է, որ պաշտպանի ազգի եւ հասարակության իրավունքները: Իսկ եկեղեցին էլ պետք է մոտ լինի ժողովրդին եւ տարածի մեր հավատքը, պատվիրաններով պետք է դաստիարակի հասարակությանը:

ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
 «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս