ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ունեցվածքը հարստացրել է կանխիկ գումարներով, բայց դրանց ծագումը թաքցնում է. պատգամավորի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում դրանք չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ 1997 թվականին ձեռք բերված ավտոտնակ, 2002 թվականին գնված բնակարան մայրաքաղաքում եւ 2020 թվականին ժառանգություն ստացած եւս մեկ բնակարան. բոլոր գույքերը նա տնօրինում է միանձնյա սեփականությամբ։
ՔՊ-ական պատգամավորը որպես օրինական եկամուտ հայտարարագրել է միայն 2024 թվականին ստացած 13 միլիոն 188 հազար դրամը, որը ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրություն է։
ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ավելացել են։ Տարեսկզբին դրանք կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։
Եվրոն հաշիվներում տարեսկզբին կազմել է 1000 եվրո, որը կրկնապատկվել է՝ դառնալով 2 հազար եվրո, դրամական մեկ այլ հաշիվ գրեթե 1 միլիոնով կրճատվել է՝ 5 մլն 854 հազար դրամից դառնալով 4 մլն 54 հազար դրամ։
Սրան զուգահեռ՝ 2023 թվականի հայտարարագրի համեմատ Քոչարյանը նախորդ տարի բարելավել է բանկային հաշիվների մնացորդների քանակը։ 2023 թվականին նա ունեցել է ընդամենը 88 դոլար, 1000 եվրո եւ 5 մլն 854 հազար դրամ։
Աճել են նաեւ Անդրանիկ Քոչարյանի կանխիկ միջոցները. 2,000-ը տարեվերջին կրկնապատկվել է՝ դառնալով 4000 եվրո, 3000 դոլարը՝ դարձել 5000 դոլար, իսկ 4,700,000 դրամը՝ 4,850,000 դրամ։
Այս գումարների ծագման աղբյուրը պաշտպանված է հայտարարագրով։ Թե որտեղից ավելացած եվրոներն ու դոլարները միայն աշխատավարձով ապրող Քոչարյանին, հարցական է:
Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ բնակվում է որդին՝ Վազգեն Քոչարյանը եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը։
Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ Քոչարյանի հետ բնակվողները չեն աշխատում։
Որդին որեւէ եկամուտ չի հայտարարագրել: Որպես շարժական գույք Վազգեն Քոչարյանը հայտարարագրել է 2022 թվականին գնած մեքենան, 2 հազար 400 դոլար եւ 4 մլն 150 հազար դրամ կանխիկ դրամական միջոց։ Թե այս գումարները որտեղից պատգամավորի գործազուրկ որդուն, կրկին հարցական է, ինչպես պատգամավոր հոր գումարները։
Քոչարյանի չաշխատող կինը կիսադատարկ հայտարարագիր է ներկայացրել, ինչպես որդին։ Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 13 եվրո, 20 դոլար, 92 հազար 977 դրամ։
Կանխիկ դրամական միջոցը կազմել է 170 հազար դրամ, 3,5 հազար դոլար։
ArmLur.am-ը 2022-ի հայտարարագիրը ուսումնասիրելու ժամանակ գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի օրինական որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ: Վազգեն Քոչարյանը եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանի կինը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն էր 2022-ին, եւ այնքան շռայլ էր սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամտի 60%-ով որդու՝ Վազգենի համար, մեքենա էր գնել։ Սա նշանակում է, որ 2022 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել էր ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4 հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով՝ վճարելով կոմունալներ, սպասարկելով գնած մեքենան, այլ պարտադիր վճարներ… Այ այստեղ պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի ասած այն մեծ պոզուպոչով կենդանին՝ կառուպցիան:
Բայց սա դեռ վերջը չէ. մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից: Նա զբաղվում է գիտությամբ, որի նվաճումները այդպես էլ Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չգաղտնազերծեց:
Հայաստանի իրավապահ համակարգը փաստացի չի կարողանում վերահսկել ու զսպել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:
Դեպքերը ծավալվում են սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանված Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ Մերձավանի նախկին գուղապետ, երիտասարդ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գեւորգ Հարությունյանը։
Ինչո՞ւ է Մհեր Ախտոյանը լքել Հայաստանը, որտե՞ղ է հիմա, եւ ինչո՞ւ իրավապահները քայլեր չեն ձեռնարկում՝ առայժմ մնում է անպատասխան։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեպքից ութ օր անց, երբ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում են սկսել։ Ըստ մեր աղբյուրների՝ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Բախումը տեղի է ունեցել փաստացի ոստիկանության քթի տակ՝ ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Մինչդեռ իրավապահ համակարգն արդեն ինը օր է, ինչ Մերձավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն են գիշերում գյուղում։ Սակայն, ի հեճուկս դրա, գյուղում տիրում է լարվածություն եւ վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները։
Այս ամենը լուրջ հարված է իրավապահ համակարգին՝ բացահայտելով մի իրականություն, որտեղ օրենքի գործադրումը կորցնում է իր ուժը, իսկ համայնքը հայտնվում է կիսագանգստերական տրամադրությունների տակ։
71 հազար դոլար վարկ՝ ՔՊ-ական Հայկ Ղալումյանին. ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետը
Մասնագիտությամբ տնտեսագետ Հայկ Ղալումյանը, երկար ժամանակ աշխատելով «Հայէկոնոմբանկ»-ում, կարծես թե սերտել է խոշոր թվերով վարկ վերցնելու հմտությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը, նկատել է, որ նա ռեկորդային եկամուտներ է ստացել: Հայկ Ղալումյանի տարեկան եկամուտը կազմել է 49 մլն 216 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող Հայկ Ղալումյանը 71 հազար դոլար՝ գրեթե 27 մլն դրամ վարկ է ստացել:
Հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում վարկի տրամադրման գործընթացը ՔՊ-ականների դեպքում, քանի որ հասարակ քաղաքացուն դժվար թե 27 մլն դրամ վարկ տրամադրեին։ Գուցե գործոնը դարձել է Փաշինյանի հետ քավորական կա՞պը… Դժվար է ասել։
Նշենք, որ Հայկ Ղալումյանի եկամուտներից 15 մլն 988 հազար դրամը աշխատավարձ է Տավուշի մարզպետարանի աշխատակազմից, իսկ 3 մլն 780 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մինասյանից։
Մարզպետ Ղալումյանը 1 մլն 574 հազար դրամ է ստացել ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նրա ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 37 մլն 693 հազար դրամ, որից միայն 14 մլն 744 հազար դրամն է բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։
Մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 հողամաս Իջեւանում, որը նվիրատվություն է, 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը Դավթաշեն վարչական շրջանում, մյուսը՝ Իջեւանում, 1 Արտադրական նշանակության շինություն, որը գտնվում է Գանձաքարում։
Ղալումյանը 2021 թվականին ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 18 դոլար, 7 մլն 537 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ, 10 հազար դոլար։
Հարկ է նշել, որ ՔՊ-ի նեղ շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ ու վստահելի մարդը հենց Հայկ Ղալումյանն է, որը Փաշինյանին ուղեկցում է գրեթե բոլոր ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ։























