ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։
Մինչ փոխվարչապետ դառնալը՝ 11 տարի աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Խաչատրյանը եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար, Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ-ի խորհրդի անդամ, Ֆինանսների նախարար։
Փոխվարչապետը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ և 1 այգետնակ։
Բոլոր գույքերը Խաչատրյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ։
Նախորդ տարի Խատատրյանը Դիլիջանում գտնվող հողամասը վաճառել է, վաճառքի բաժնում որպես արժեք նշելով 0 դրամ։

Տվյալ տարվա սկզբում փոխվարչապետն ունեցել է 2021 թվականին ձեռք բերված MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը վաճառել է 5 մլն 225 հազար դրամով և գնել է 2023 թվականի արտադրության SUZUKI մակնիշի մեքենա, որն արժեցել է 12,2 մլն դրամ։
Բանկային ավանդները կազմել են 15 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար դոլար, 3 մլն 380 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմում են 10 հազար դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 586 հազար դրամ, որից 22 մլն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, 5 մլն 225 հազար դրամը գույքի վաճառքից ստացված եկամուտն է, որը փոխվարչապետը ստացել է մեքենայի դիմաց, իսկ հողամասերի գնման համար ստացված գումարի մասին այս բաժնում էլ ոչինչ չկա։ Եկամուտներից 170 հազար դրամը տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն է Ամերիաբանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9,8 մլն դրամ։

Էմմա Միքայելյան























































































