« Դեմ եմ» նախաձեռնությունը արդեն սկսել է իրազեկման ակցիաներ կազմակերպել Երևանի վարչական շրջաններում: Առաջին վարչական շրջանը, որտեղ նախաձեռնությունը կազմակերպել է իրազեկման ակցիան՝ Զեյթուն վարչական շրջանն էր:
Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ մեծ մասը պատուհաններից է հետևել ակցիային, իսկ մի քանիսն էլ մոտեցել են նախաձեռնության անդամներին ու պատմել, թե կուտակային վճարների առումով ինչ է կատարվում իրենց աշխատավայրերում:
«Մեր նպատակն էր քաջալերել մարդկանց, ասել, որ մեր պայքարը շարունակվում է»,- ասաց Ավետիսյանը` հավելելով, որ իրազեկման այս երթերը կտան դրական արդյունքներ:
-Հաշվի առնելով, որ մարդկանց մեծ մասը պատուհաններից էր նայում, արդյոք դա չի՞ նշանակում, որ վախի մթնոլորտ կա համայնքներում:
-Դժվարանում եմ ասել` կա՞ վախի մթնոլորտ, թե ոչ:Միգուցե անտարբերություն կա, որը պետք է կոտրել:
-Հնարավո՞ր է` իրազեկման երթեր կազմակերպեք նաև մարզերում:
-Այո, իհարկե, հնարավոր է: Մենք մարզեր որոշ ժամանակ առաջ այցելել ենք, բայց էս պահին նպատակահարմար ենք համարում վարչական շրջաններում ակցիաներ անել, քանի որ միայն Կենտրոնի ժողովուրդն է կարծես թե լավ իրազեկված «Դեմ եմ» նախաձեռնությունից:
-Կարելի՞ է ենթադրել, որ նախաձեռնությունը սկսել է թուլանալ և շարժումն ուժեղացնելու նպատակով էլ սկսվել են իրազեկման երթերը:
-Ոչ, բացարձակ նման բան չկա: Անտարբերության կամ միգուցե այդ վախի պատնեշն ենք ուզում հաղթահարել այդ ակցիաներով:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 18-ին նախագահի նստավայրի մոտ հանդիպեց «Դեմ եմ»-ի անդամներին և կարծես թե համաձայնեց գնալ երկխոսության՝ նախաձեռնության առաջարկների շուրջ: Արդյոք նորանշանակ վարչապետը, ըստ Ձեզ, կերկխոսի՞ նոր մշակվող օրենքի շուրջ:
-Հովիկ Աբրահամյանին մենք պահանջներ ենք ներկայացրել. հնարավորինս սեղմ ժամկետում մարդկանցից պահումները պետք է դադարեցնել: Ինչ վերաբերում է երկխոսությանը, մենք բազմիցս ասել ենք` կերկխոսենք այն դեպքում, երբ մեր պահանջները կկատարվեն: Հույս ունենք, որ պրն Աբրահամյանը կբավարարի մեր պահանջները:
-Հաջորդը ո՞ր վարչական շրջանն է, որտե՞ղ կանցկացվեն իրազեկման երթեր:
-Այս պահին դեռ պարզ չէ:
-Իսկ հանրահավաք առաջիկայում սպասվո՞ւմ է:
-Դեռ ոչ:
Սոնա Դավթյան