Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ խորհրդային տարիների ամենամեծ բրենդը համարվել և շարունակում է մնալ Վլադիմիր Իլյիչ Լենինը:
Ուղիղ 144 տարի առաջ այս օրը ծնվեց Խորհրդային միության հիմնադիր ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Խորհրդային տարիներին չկար մեկը, ում մանկությունը չսկսվեր Լենին պապիով:
Ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար Վլադիմիր Լենինը (Ուլյանով) ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին Սիմբիրսկում:
Լենինը համարվում է ՌԽՍՀ առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թվականից:
Մարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման վերաբերյալ նրա հեղափոխական ուսմունքը կոչվեց «մարքսիզմ-լենինիզմ»:
Օրերս ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին կարծիք է հայտնել, որ Լենինին պետք է հանդիսավոր կերպով հուղարկավորել, իսկ դամբարանը` թանգարանի վերածել:
«Ես կարծել և շարունակում եմ կարծել, որ մարմինը պետք է հողին հանձնվի: Ես բոլոր անհրաժեշտ ծեսերը կպահպանեի, քանի որ նա բարձրագույն պաշտոնատար անձ է: Եթե նման որոշում կայացվի, հուղարկավորությունը պետք է իրականացվի բոլոր համապատասխան պետական ծիսակարգերի պահպանմամբ` շուքով, զինվորական հրաձգությամբ և պատշաճ վայրում»,-ասել է Մեդինսկին: Վերջինս նշել է նաև, որ հնարավոր է` դամբարանը դառնա խորհրդային պատմության թանգարան:
«Նման թանգարանը շատ այցելվող և թանկ տոմսերով մշակութային վայր կդառնա: Լենինի մարմինը նման վիճակում թողնելը, իմ կարծիքով, անհարիր է», – ասել է ՌԴ մշակույթի նախարարը:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում НТВ ռուսական հեռուստատեսության կողմից արված բացառիկ կադրերը, թե ինչպես է Լենինի դիակը (մահացել է 1924 թվականի հունվարին) պարբերաբար խնամվում: