«ՕԳՆԵ՛Ք ԳՏՆԵԼ ՈՐԴՈՒՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ ընտրած տղային եմ կնության տալու քեզ, նա լավ տղա է»,-մի օր ասաց հայրը եւ աղջկան ամուսնացրեց: Բայց աղջկա սրտով չէր: Հարսանիքի երկրորդ օրվա գիշերը աղջիկը փախավ հայրական տուն: Հայրը որոտաց՝ կսպանե՛մ, եւ ձեռքը խփեց սեղանին: Ներողություն խնդրելով փեսայից՝ աղջկան հետ ուղարկեց՝ հրամայելով մոռանալ հայրական տան ճանապարհը: Այլ ելք չունենալով՝ աղջիկն ամուսնուն խնդրեց իրեն հանգիստ թողնել. «Ես չեմ ուզում կամովին բռնաբարվել, հետո էլ քեզ դավաճանել՝ հավատարիմ կին ձեւանալով»,-ասում էր կինը, սակայն ամուսինը` Մանուկը, անդրդվելի էր:
«Ես գնալու տեղ չունեի. երկու բռնակալ տղամարդիկ տնօրինում էին իմ ճակատագիրը, եւ ես այլ ելք չգտա: Մի օր վերցրի պարանն ու բարձրացա ձեղնահարկ… կախվեցի: Այն մարդը, որն իմ ամուսինն էր, ժամանակին վրա հասավ եւ ազատեց ինձ: Վերակենդանացման բաժանմունքում պառկելուց հետո Մանուկն ինձ նորից տարավ իրենց տուն»: Հուսահատությունից աղջիկն այս անգամ ժավելի սպիրտ խմեց եւ կրկին հայտնվեց հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո ո՛չ հայրն իր տանն ընդունեց, ո՛չ ամուսինը: Այդպես մերկ եւ անօգնական նա հայտնվեց  փողոցում՝ չավարտելով ֆիզկուլտինստիտուտը: «Քնում էի որտեղ պատահեր:  Սոված ու տկլոր էի: Իմ անօգնական վիճակից օգտվեց այն ժամանակ (1980թ.) սպեցպրիոմի աշխատող թալինցի Հայկ Չախոյանը կամ Չաթոյանը, լավ չեմ հիշում: Ես հղիացա, բայց չուզեցի կապերս շարունակել չսիրածս մարդու հետ: Ծննդաբերեցի Հանրապետական հիվանդանոցում: Ելենա Գարեգինովնան ինձ համոզում էր՝ երեխայիս մի ապահով ընտանիքի տամ, եւ որ այդ ընտանիքն արդեն կա: Ես չհամաձայնեցի»,-պատմում է նա:
Քանի դեռ եղանակները տաք էին, ջահել մայրը, երեխան գրկին, քնում էր այգու նստարանին: Ցրտերը վրա հասնելուն պես նա տղային մեկ տարի ժամկետով հանձնում է «Հայրենիք» զբոսայգում գտնվող մանկատուն: Չգիտես ինչու, շատերն էին ձգտում տիրանալ հենց այդ երեխային (թե՛ Ելենա Գարեգինովնան, որ երեխա չուներ, թե՛ Հայկ Չախոյանը): Հետո հասկանում է, որ ինչ-որ մեկն է տարբեր մարդկանց միջոցով ձգտում տիրանալ իր որդուն: «Ես խորշում էի թափառաշրջիկների ու պոռնիկների որջերում երեխա պահելուց: Դրա համար էլ որոշեցի աշխատանք եւ կացարան գտնելուց հետո միայն տղայիս հետ վերցնել մանկատնից,-պատմում է վերհուշից տակնուվրա եղած Վեներան,-բայց պարզվեց, որ ճակատագիրն ավելի մեծ փորձություն էր պատրաստել ինձ համար: Մի քանի օր անց երեխայիս մանկատնից տեղափոխում են հիվանդանոց (Պլանի գլուխ): Ծանոթներիս առաջարկությամբ եւ նրանց միջոցով (Ֆրիդա, Անահիտ, Վաչո) տղայիս գողացանք հիվանդանոցից, բերեցինք Վաչոյենց տուն՝ Գոգոլի փակուղի,  տուն 72 (Շահինյան Անահիտ, որդին՝ Վարդան)»:
Արցունքախեղդ կինը մի կերպ պատմում է, որ դա նախօրոք պատրաստված սցենար է եղել, որ այդ հանցագործներին՝ Վաչոյին, Անահիտին ու Ֆրիդային, ինչ-որ մեկն էր ուղղորդում: Նրանք Վեներային Ֆրիդայի հետ ուղարկում են խանութ` իբր երեխայի համար տակաշոր գնելու: Երբ տնից դուրս են գալիս, նստում են փողոցում արդեն սպասող մեքենան: Վեներայի համար անսպասելիորեն Ֆրիդան վարորդից ինչ-որ գումար է պահանջում: «Ես սարսափած ու վախեցած նայեցի Ֆրիդային: Ճիշտ է՝ ես գումար չունեի, սակայն մտքովս չէր անցնում, որ տակաշորի համար խանութ ուղարկող եւ մեքենա պատվիրող Անահիտն ու Վաչոն Ֆրիդային գումար տված չէին լինի: Կարծում էի՝ Ֆրիդայի մոտ տակաշորի համար գումար կլիներ, այլապես նրանք բոլորն էլ շատ լավ գիտեին, որ ես գումար չունեմ, ինչու՞ պետք է վստահաբար մեքենա պատվիրեին ու մեզ տակաշորի ուղարկեին: Ինչեւէ: Ֆրիդան կրկնեց իր պահանջը վարորդից: Վերջինս ոստիկան կանչեց: Այնքան արագ կատարվեց, որ չհասցրեցի հասկանալ Ֆրիդայի վարքագիծը, իսկ երբ ոստիկանը մոտեցավ, վարորդն ու Ֆրիդան այնքան հանգիստ էին, որ ես վախից փորձեցի դուրս փախչել մեքենայից»,-պատմում է նա:
Ոստիկանը բռնում է փախչող Վեներային ու տանում… ուղիղ հոգեբուժարան: Երկու ամիս անց հոգեբույժ Աննայի մոտ Վեներան անսպասելիորեն տեսնում է Անահիտին եւ բժշկին հարցնում, թե ով էր այդ կինը: «Քո մորաքույրն է, որ գալիս է որպիսությունդ իմանալու, բայց քեզ տեսնել չի ուզում, որովհետեւ դու մի գլուխ գոռում ես՝ ուր է երեխաս,-պատասխանում է բժիշկը եւ ավելացնում,-դու երեխա չես ունեցել, նա քո երեւակայության մեջ է: Մենք քեզ բուժում ենք, եւ դու արդեն էլ առաջվա պես չես խոսում մտացածին երեխայիդ մասին»:
Վեներային միայն երեք տարի հետո են դուրս գրում հոգեբուժարանից: Ուղիղ Անահիտենց տուն գնալով՝ նա  իմանում է, որ Անահիտը դատապարտված է: Այլ ելք չունենալով՝ Վեներան սպասում է, մինչեւ նա բանտից ազատվի, որպեսզի կարողանա որեւէ տեղեկություն ստանալ իր առեւանգված որդու մասին: Վերջապես 1995թ.-ին Անահիտն ազատվում է կալանքից: Վեներան գտնում է նրան եւ պահանջում հայտնել իր երեխայի գտնվելու վայրը: «Տեսնո՞ւմ ես` ինչ քոսոտ բնում եմ ապրում,-ասում է Անահիտը,-երբ ինձ համար բնակարան կգնես, այն ժամանակ էլ կասեմ երեխայիդ տեղը»: Բնական է, որ Վեներան գումար չուներ, իսկ Անահիտը չէր ասում երեխայի տեղը: Վեներան որոշում է փնտրել Վաչոյին եւ նրան գտնում է Ջրվեժի մոտերքում գտնվող եկեղեցում: «Այնտեղ նա սպասավոր էր աշխատում իր վերջին կնոջ հետ: Նրանք  զբաղվում էին մոմ թափելով, մոմ ծախելով, պահակությամբ եւ միմյանց հետ խոսում հայհոյանքներով, բայց հենց ինչ-որ մեկը մոտենում էր եկեղեցու պատուհանին, նրանք դառնում էին «բարեպաշտ»»,-պատմում է Վեներան:
(Թ.Ասատրյան. Ինչում ինքս համոզվեցի, երբ լրագրողական հետաքննություն կատարելու նպատակով այցելեցի Ջրվեժ թաղամասի Քոսաղբյուր եկեղեցին: Եկեղեցու պատուհանին մոտենալուն պես ես լսեցի Վաչոյի եւ իր կնոջ վեճն ու հայհոյանքները, սակայն ինձ տեսնելով՝ կինն արագորեն գլխին քաշեց գլխաշորը եւ մեղմանուշ ժպիտով հարցրեց. «Աստված օգնական, ինչո՞վ ծառայեմ Ձեզ»: Մի՞թե այս հանցագործները պետք է մեզ օգնեն):
Ինչեւէ, Վեներան Վաչոյին հանդիպելով էլ ոչ մի արդյունքի չի հասնում: Այժմ Վեներան Գերմանիայի քաղաքացի է: Ամուսնացել է, ունի սիրող ամուսին, ով քաջածանոթ է նրա կյանքի դառը պատմությանը եւ աջակցում է նրան որդուն գտնելու հարցում: Նրանց  նպատակը ոչ թե որդուն խնամող ծնողներից զրկելն է, այլ նրանց օգնելն ու հարազատ որդու հետ մոտիկից շփվելը: Որդու, որից Վեներան երբեւէ չի հրաժարվել եւ որին նենգաբար խլել են նրանից: «Ես բավականաչափ հարուստ եմ, տարիքով մեծ եմ, որդիս էլ արդեն հասուն մարդ է՝ 31 տարեկան, հասկանալի է, որ մեր մեջ մայր ու որդի հարաբերություն այլեւս չի կարող ձեւավորվել, բայց գոնե ուզում եմ հովանավոր լինել միակ որդուս, ունեցվածքս թողնել նրան»,-ասում է Վեներան:
Վեներայի կյանք ներխուժած եւ նրա որդուն առեւանգած հանցագործները դեռեւս ապրում են մեզ հետ կողք կողքի: Վաչոն այժմ դատապարտված է դաժան սպանության համար: Դա նրա 5-րդ դատվածությունն է: Վաչոյի՝ Քոսաղբյուրի եկեղեցաբնակ կինն ինձ ասաց, որ եկեղեցին Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո է, որն իրենից վերցրել է Վաչոյի դատավճռի լուսապատճենը, որպեսզի զբաղվի նրա  շուտափույթ ազատմամբ: Եթե Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէ Վաչոյի կատարած ծանր հանցանքներից, ինչը քիչ հավանական է, ապա ցանկանում եմ իրազեկել նրան կոնկրետ այս հանցանքի մասին:
Վեներան կրկին մեծ հավատով է վերադարձել Գերմանիայի Դաշնությունից՝ որդուն գտնելու մեծ հույսով: Ուզում եմ հավատալ, որ Վաչոն եւ նրա համախոհները կպատժվեն, ու Վեներան Աստծո օգնությամբ եւ օրենքի միջամտությամբ կգտնի 31 տարի առաջ կորցրած իր որդուն:
Այս նամակ-հոդվածով Վեներան խնդրում է բարձրաստիճան այրերին՝ ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ համապատասխան մարմիններին, որպեսզի օգնեն իրեն՝ գտնելու որդուն: Ծննդյան վկայական թիվ 3891, տրված 14.11.1980թ. Հանրապետական հիվանդանոցի բժշկի տեղեկանքի հիման վրա, հաստատված ՀՀ ք. Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնի որոշմամբ, Լեւոն Մանուկի Հովակիմյան, ծնված 1980թ.-ի հոկտեմբերի 14-ին, մայրը՝ Վեներա Հովհաննեսի Հովակիմյան (ծնված 30/01/1960թ.), հայրը՝ Մանուկ Արշալույսի Հովակիմյան (հոր տվյալները պայմանական են): Հետո նրա տվյալները փոխված են:

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ




Լրահոս