Armenian text to speach

ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ՝ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթ է հարուցել, ապա նրան ազատել վարչական պատասխանատվությունից եւ բանավոր դիտողություն տվել։ Այս մասին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում։

 

Պարզ է դարձել, որ հայտարարագրում առերեւույթ առկա են սխալ կամ ոչ ամբողջական ներկայացված տվյալներ. մասնավորապես «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված չեն տվյալներ՝ Երեւանում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ, իսկ «Էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ» բաժնում հայտարարագրված չեն տվյալ տարվա սկզբի դրությամբ առկա կրիպտոարժույթի վերաբերյալ։

Մի շարք ուսումնասիրություններից, պարզաբանումներից եւ հրապարակումներից հետո Հանձնաժողովը որոշում է կայացրել Վահե Հովհաննիսյանին ազատել վարչական պատասխանատվությունից՝ հայտարարելով բանավոր դիտողություն։

Ի՞նչն է սխալ լրացրել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը.

Ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանը մայիսի 20-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի՝ գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որտեղ գույքերի սեփականության եւ դրանց վաճառքի հետ կապված մի շարք խնդիրներ կան։ Հովհաննիսյանը վաճառել է հողամաս, որը տարեսկզբին առկա գույքերի ցանկում անգամ չկա։

Վահե Հովհաննիսյանը տարեսկզբի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք։ Դրանցից մեկը Հրազդանում որպես հյուրատուն շահագործվող այգետնակ-առանձնատունն է, որտեղ, ինչպես մամուլը գրել էր, ՀՀ ֆինանսների նախարարությունն առանց մրցույթի 1 մլն դրամ էր վճարել իր աշխատակիցների համար՝ թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման եւ անցկացման նպատակով։

Հովհաննիսյանը այս այգետնակը վարձակալությամբ հանձնել է իր ընկերոջը՝ Գրիգոր Խաչինյանին։ Ընդ որում, հիշեցնենք, նույն անձնավորությանը՝ Գրիգոր Խաչինյանին, Վահե Հովհաննիսյանը, նախքան ֆինանսների փոխնախարար նշանակվելը, 2021-ին վաճառել էր իր հիմնադրած ընկերությունը՝ «Վարդենի» ՍՊԸ-ն։ «Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում նույն այդ հյուրատան շահագործողն է։

Նշենք նաեւ, որ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքում գտնվող այգետնակի ձեռքբերման տարեթվերն առաջին եւ հաջորդ հայտարարագրերում տարբեր է նշել՝ 2020 թ. եւ 2015 թ.։

Վահե Հովհաննիսյանի արձագանքը այս տեղեկություններին.

««Վարդենի» ՍՊԸ-ն իմը չէ». հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

««Վարդենի ՍՊԸ»-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը, որտեղ իրականացնում է գործունեություն»,- ասել է նա՝ անդրադառնալով հրապարակումներին, որ իրեն պատկանող հյուրատանը ֆինանսների նախարարությունը վերապատրաստման միջոցառում էր կազմակերպել։

Ինչ վերաբերում է ՍՊԸ ղեկավար Գրիգոր Խաչինյանին, նախարարը նշեց, որ ճանաչում է նրան. «Իմ ընկերն է», – ասաց։

Հովհաննիսյանը հողամասը չէր հայտարարագրել, սակայն վաճառել էր 100 հազար դրամով, կրկին ընկերոջը՝ Գրիգոր Խաչինյանին, եւ, չգիտես թե ինչպես, տարեվերջին անշարժ գույքերի ցանցկից անհետացել էր այգետնակը։ Հարկ է նշել, որ այդ հողամասը չի կարող լինել նույն այգետնակ-առանձնատունը, քանի որ այս տարվա մայիսի 2-ի ասուլիսում նա հայտարարել է, որ «այգետնակը շարունակում է վարձով տալ»։ Իսկ հողամասի վաճառքի գործարքը, ըստ հայտարարագրի, տեղի է ունեցել 2024-ի օգոստոսի 14-ին։

Հարկ է նշել նաեւ, որ հայտարարագրված բնակարանն էլ իր խնդիրներն ունի:

Վահե Հովհաննիսյանը վերջին տարիներին է հիշել, որ 2004 թվականին բնակարան է ձեռք բերել. մինչ այս, օրինակ՝ 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում այդ մասին ոչինչ չկա գրված։ Ֆինանսների նախարարը միայն 2024 թվականին է  «տեղեկացել» այդ մասին։ Սա ենթադրում է, որ նախարարը նրբորեն թաքցրել է բնակարանը, կամ կրկին սխալ է լրացրել այն։

Տրանսպորտային միջոցների բաժնում առկա անհամապատասխանությունը.

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախորդ տարի հայտարարագրել էր 2020-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը, 2025 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն, դարձել է «բեռնատար  (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց»։ Նախարարը նաեւ HONDA մակնիշի մոտոցիկլ ունի՝  ձեռք բերված 2012 թվականին։

Սեփական հայտարարագիրը սխալներով լրացրած նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են  3 մլն 153 հազար դրամ, որը մեկ տարվա ընթացքում աճել է 3 մլն դրամով։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 737 հազար դրամ, որից 19 մլն 478 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ֆինանսերի նախարարությունից, իսկ 1 մլն 258 հազար դրամը վարձակալություն է «ՎԱՐԴԵՆԻ»-ից, որը նախարարի վարձով հանձնված այգետնակն է։

Նախարարը միայն այս տարի է «ՎԱՐԴԵՆԻ»-ից ստացել վարձակալության դիմաց ստացած եկամուտ։

Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար նախարարը վճարել է  5,5 հազար դոլար։ Հիշեցնենք. նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

 ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս