«Երեխայի հայրը, խեղդամահ անելու ճանապարհով, սպանել է երեխային»: Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախնական տվյալներով` երեխայի հայրը, խեղդամահ անելու ճանապարհով, սպանել է 3-ամյա Տիգրանին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՆԳ նախարարը։
«Այս պահի դրությամբ որեւէ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլոց, առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում։
Ընդ որում, կհիշեք, որ եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս: Մենք ներգրավել էինք համապատասխան մասնագետի, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա, եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանանք տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որեւէ բան հայտնի է։
Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, եւ հայրը խեղդելու եղանակով սպանել է փոքրիկին։
Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող», – ասաց ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ դեպքից հետո, երբ իրենք սկսել են որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից տարածքում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի՝ փրկարարների ամեն նոր հատվածներ անցնելիս ինքը, համապատասխանաբար, կատարել է երեխայի մարմնի տեղափոխություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում:
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































