ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել, համաձայն որի՝ վերջինս խախտել է հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
- Հանձնաժողովն ուսումնասիրել է Հակոբ Շահգալդյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը եւ տվյալների ստուգման արդյունքում պարզել է, որ, հայտարարագրի եւ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների համաձայն, Հակոբ Շահգալդյանը 1998 թվականի փետրվարի 15-ից մինչեւ 2025 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է «Հակոբ Շահգալդյան» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերերը։
- 2024 թվականի օգոստոսի 15-ին Հակոբ Շահգալդյանը քաղաքացի Արա Հրանտի Մխիթարյանի հետ կնքել է շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով «Հակոբ Շահգալդյան» ՍՊ ընկերությունում ունեցած իր 100% բաժնեմասը 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել Արա Հրանտի Մխիթարյանին։
Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 7-ին գրությամբ դիմել էր Հակոբ Շահգալդյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանում պայմանագրի՝ ֆիզիկական անձի հետ կնքման առնչությամբ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Հակոբ Շահգալդյանի բաժնեմասի՝ հավատարմագրային կառավարման հանձնելու մասին առկա պայմանագրեր կամ պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ։
Հակոբ Շահգալդյանը ներկայացրել է պարզաբանում եւ նշել է, որ 2024 թվականի օգոստոսի 15-ին Արա Մխիթարյանի հետ կնքել է նոտարի սեղանամատյանի շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով վերջինիս երեք տարի ժամկետով կառավարման է հանձնել իր բաժնեմասն ամբողջությամբ։ Վերջինս նաեւ նշել է, որ նշված պայմանագիրը թեեւ կնքվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ, եւ առերեւույթ առկա է հավատարմագրային կառավարչին առաջադրված պահանջների անհամապատասխանությունը, այնուամենայնիվ, հավաստել է, որ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի բաժնեմասը փաստացի կառավարվել եւ կառավարվում է պայմանագրով հավատարմագրային կառավարիչ նշանակված Արա Մխիթարյանի կողմից, եւ ինքը որեւէ կերպ չի առնչվել եւ չի առնչվում կառավարմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովն ամեն դեպքում անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել։
Շահգալդյանը ներկայացրել է պարզաբանում, սակայն հանձնաժողովն ամեն դեպքում կայացրել է որոշում եւ ներկայացրել էական նշանակություն ունեցող, մի քանի կետից բաղկացած փաստեր՝ հաշվի առնելով, որ Ընկերության հավատարմագրային կառավարիչ է հանդիսացել Օրենքի տեսանկյունից հավատարմագրային կառավարիչ հանդես գալու իրավունք չունեցող անձը։
Հանձնաժողովը եզրակացրել է
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































