Armenian text to speach

ՔԿ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հատկացումները։

Բավականին հագեցած նիստից հետո Արթուր Պողոսյանը նաեւ ճեպազրույց ունեցավ, որի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նրան մի քանի հարց ուղղեց՝ մասնավորապես իրավապահ համակարգի հնարավոր կախվածության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, հրահանգներից եւ դրանցով առաջնորդվելու մասին։

 

-Պարո՛ն Պողոսյան, Դուք անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգները SMS-ով, հեռախոսազանգո՞վ, թե՞ էլեկտրոնային փոստով եք ստանում։

-Թույլ տվեք Ձեր հարցին չպատասխանել, որովհետեւ կոմիտեի նախագահի եւ երկրի գործադիր մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված են օրենքով։ Այնպիսի հարց եք բարձրացրել… Թույլ տվեք չպատասխանել։

Օրենքով նախատեսված է, որ ես՝ որպես Քննչական կոմիտեի նախագահ, մասնակցում եմ գործադիր իշխանության մարմնի նիստերին։ Խոսքը հենց այդ հարաբերությունների մասին է։ Կոմիտեին վերաբերող հարցերի քննարկումներին եմ ես մասնակցում։ Այս ձեւաչափով ինչպե՞ս կարող եմ չշփվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Միայն սա է։

-Հարցը պատահական չէ, պարո՛ն Պողոսյան։ Նիկոլ Փաշինյանը, ինչ ասում է, տասը րոպե հետո Քննչական կոմիտեն, ինչպես սիրում է նշել գործող իշխանությունը՝ կա՛մ «ասֆալտին է փռում» տարբեր գործիչների, կա՛մ մտնում է խուզարկության նրանց տներ, կա՛մ այլ կոնկրետ գործընթացներ են սկսվում։

-Այդ ո՞ր դեպքերի մասին է խոսքը։

-Օրինակ՝ Սամվել Կարապետյանի։ Նրա՝ «Ես իմ ձեւով կմիջամտեմ» արտահայտությունից հետո՝ րոպեներ անց, նախաքննական մարմինը արդեն գործի անցավ՝ Փաշինյանի անուղղակի կամ ուղղակի հրահանգով։ Նույնը կարող ենք ասել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի կապակցությամբ։ Կարող ենք շատ օրինակներ թվել։

-Ի՞նչ կապ ուներ Ալեքսանդր Կոչուբաեւը Ձեր նշած ցանկում։

-Բավականին ուղղակի կապ։ Նա գրառում էր կատարել, եւ դարձյալ անմիջապես գրառումից հետո գործողություններ սկսվեցին։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ նույն սկզբունքով։

Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարություն է տարածում՝ քննադատելով որեւէ գործչի, իրավապահ մարմիններն անմիջապես գործի են անցնում։

-Ես չգիտեմ՝ այդ համընկնումները ինչով են պայմանավորված։ Մենք գործում ենք բացառապես օրենքով։ Երբ առիթ է լինում, օրինակ՝ Ձեր ասած դեպքում՝ Կոչուբաեւի գրառումը, նոր մենք գործի ենք անցնում։ Փաստաբան Կոչուբաեւի գրառումը հիմք է հանդիսացել՝ հաղորդում ներկայացնելու ոստիկանություն. այն  ներկայացվել է, վարույթ ենք նախաձեռնել, եւ դատական գործընթացները մեկնարկել են։ Թե այս ընթացքում ով եւ ինչպես է մեկնաբանել՝ չեմ կարող ասել։

Նույնը վերաբերում է նաեւ Ձեր նշած նախորդ դեպքերին։

Փաստացիորեն ՔԿ նախագահը չպատասխանեց բարձրացված հարցերին՝ ըստ էության հերքելով, թե վարչապետ Փաշինյանը գերիշխող ազդեցություն ունի իրավապահ համակարգի վրա։ Սակայն փաստերը խոսում են հակառակի մասին, եւ «Ժողովուրդ»-ը շարունակելու է հետեւողականորեն անդրադառնալ մեր երկրում իրականացվող ոչ իրավաչափ գործողություններին՝ բարձրաձայնելով ու լուսաբանելով դրանք։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 




Լրահոս