ԱՐԱԲԿԻՐԻ ԶՈՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանի ամենաէլիտար թաղամասերից մեկը, որն այժմ վերանվանվել է Արաբկիր վարչական շրջան, ՀՀ Ազգային ժողովում ներկայացված է երիտասարդ մի պատգամավորով. Զորիկ Զոհրաբյան: Նա անկուսակցական է, բայց խորհրդարանում Հանրապետական խմբակցության անդամ է:Արաբկիրի պատգամավորը 32 տարեկան հասակում ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի խմորման արտադրության տեխնոլոգիայի եւ գինեգործության ֆակուլտետը` ստանալով Տեխնոլոգի որակավորում: Իսկ գնե՞լ է արդյոք Զոհրաբյանն այս մասնագիտության դիպլոմը, թե ոչ, պաշտոնական կենսագրության մեջ որեւէ բան չի ասվում: Հայտնի է, որ նա 18 տարեկան հասակում` մեկ տարով` 1988-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում, այնուհետեւ, անմիջապես սկսել է զբաղվել  ձեռնարկատիրական գործունեությամբ: 2005թ-ից Արաբկիրի Զորոն եղել է համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրենը: Երկու տարի աշխատելով տնօրեն` Զոհրաբ Զոհրաբյանը սահուն անցում է կատարել դեպի օրենսդիր ոլորտ:2007թ. մայիսի 12-ին, ընտրությունների ժամանակ մրցակցելով դաշնակցական Հրայր Կարապետյանի, ՀՀՇ-ական Արամ Մանուկյանի, ԲՀԿ-ական Հայրապետ Հայրապետյանի («Հայաստան» հանրախանութի սեփականատեր) հետ, դաժան ընտրակեղծիքների արդյունքում Զորիկ Զոհրաբյանը հռչակվեց Ազգային ժողովի պատգամավոր: Թեեւ նրա մրցակիցները վստահ էին, որ ընտրակեղծիքները եղել են զանգվածային ու անխնա, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ ապացուցել դրանք: Զոհրաբյանը ստացավ այդքան բաղձալի պատգամավորական մանդատը եւ այժմ խորհրդարանում զբաղվում է մեզ եվրոպացիների հետ ինտեգրելու խիստ պատասխանատու գործով. նա ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:Նշենք, որ Զորիկ Զոհրաբյանն իր այսօրվա կարգավիճակի համար պարտական է նախեւառաջ երկու անձնավորության. Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին` Շիրվանի Հովոյին եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին: Այս երկու արաբկիրցիներն արեցին հնարավոր եւ անհնար ամեն ինչ, որպեսզի իրենց ընկերոջը պատգամավոր դարձնեին, սակայն այսօր, ըստ տարածված լուրերի, եռյակի հարաբերությունները մեղմ ասած լավ չեն: Նշվում է, որ Լեւոն Սարգսյանը անասելի հիասթափված է Զորիկ Զոհրաբյանից, քանի որ պրոտեժյեն չի արդարացրել Սարգսյանի սպասումները: Իսկ ահա Հովհաննես Շահինյանի դեպքում, բացի հիասթափությունից կոնկրետ խնդիրներ կային. գետնանցումի առեւտրային կրպակների հարցը երկու ընկերների երբեմնի ջերմ հարաբերությունների խզման հիմք հանդիսացավ: Արդյունքում, այսօր Զորիկ Զոհաբյանը, ըստ նրա շրջապատից դուրս եկած տեղեկությունների, բավականին պարտքեր է կուտակել եւ շատ փոշմանել, որ մտավ քաղաքականություն ու փոխանակ ազդեցություն ձեռք բերելու, կորցրեց ունեցած հեղինակությունը եւ հարցեր լուծելու երբեմնի կարողությունը:Ինչ վերաբերում է Զոհրաբյանի խորհրդարանական գործունեությանը, ապա նշենք, որ այդ գործում Զորիկն ընդհանրապես չկա: Նա ամենապասիվ պատգամավորներից է հայոց խորհրդարանում: Արաբկիրի ներկայացուցիչը հագած-կապած խորհրդարան է գալիս գրանցման ու քվեարկությունների արդեն նորացված կոճակը սեղմելու համար: Իսկ երբ ավարտում է իր հիմնական առաքելությունը, միջանցքում երկարատեւ զրուցում է բջջային հեռախոսով ու լուռ հեռանում խորհրդարանի շենքից: Մի խոսքով, նա շարքային դակիչ է աշխատում ՀՀ ազգային ժողովում, քանի որ երբեւէ կամային որեւէ հատկանիշ չի դրսեւորել որեւէ քվեարկության ժամանակ: Արել է այնպես, ինչպես որոշել է խորհրդարանական մեծամասնությունը` սեփական տեսակետ չհայտնելով որեւէ հարցի կապակցությամբ: Բայց օբյեկտիվ լինելու համար նշենք, որ Զորիկ Զոհրաբյանն ինքն էլ է դժգոհ այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակից` միայն թե դա չի անում բարձրաձայն: Նա մտահոգվում է, որ հարկային ծառայությունը խեղդում է փոքր եւ միջին բիզնեսին, որ ՀՀ քաղաքացիները դժվար են ապրում եւ այլն: Իսկ կլինի՞ արդյոք Զորիկ Զոհրաբյանը 2012-ի խորհրդարանում, դժվար է ասել. նրա քաղաքական կնքահայրերի գործերն էլ փայլուն չեն: Մի խոսքով, Արաբկիրի Զորոյի խորհրդարանական ապագա գործունեությունը դեռ բավականին մշուշոտ է:ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ05 02 2011  




Լրահոս