Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանը քննարկել է ընկերության ֆինանսական վիճակն ու աշխատակիցների վարձատրության համակարգում կատարված փոփոխությունները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման սկզբում վարչապետը հետաքրքրվել է, թե ի՞նչ փոփոխություններ են արվել ոչ բարձրաստիճան աշխատողների վարձատրության համակարգում։
Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ տնօրենների, գլխավոր տնօրենի և տեղակալների՝ պարգևավճարներից կամավոր հրաժարումից հետո ձևավորվել է մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություն։
«Մենք հենց առաջին ամսվանից մինչև 200 հազար դրամ համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցներին գլխավոր տնօրենի առանձին հրամանով սահմանել ենք լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրություն։ Արդեն 4-րդ ամիսն է, որ մեր գործընկերներն այն ստանում են։ Արդյունքում՝ ավելի քան 1700 աշխատակից օգտվում է այդ հավելումից»,- ասել է Պետրոսյանը։
Պետրոսյանը նշել է, որ այս համակարգը փաստացի ապահովել է աշխատավարձերի 10-20 տոկոս բարձրացում՝ մինչև հաստիքացուցակների ու դրույքների վերանայման հնարավորությունը, որը կարող է կատարվել միայն տնօրենների խորհրդի կողմից։ Ըստ նրա՝ ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից մոտ 3400-ը վարձատրվում են 300 հազար դրամից քիչ։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս քայլը պետք է անդրադառնա աշխատանքի որակի վրա, քանի որ հենց այդ աշխատակիցներն են, որոնք կրում են էլեկտրամատակարարման հետ կապված ուղիղ պատասխանատվություն։
Պետրոսյանը պարզաբանել է, որ հավելավճար ստացող աշխատակիցները հիմնականում էլեկտրական սարքավորումներ և լարեր տեղադրող մասնագետներ են, տեսուչներ, ինչպես նաև վարորդներ, բանվորներ ու հերթապահություն իրականացնող աշխատակիցներ։
«300 հազարից մինչև 600 հազար դրամ աշխատավարձի սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ այդ աշխատավարձերի կառուցվածքը մեծապես կախված է արդյունքային ցուցանիշներից․ մասնավորապես՝ ամսական կորուստների, հնարավոր անջատումների, խափանումների և դրանց հետևողական վերացման արդյունքներից։ Այս ամենը վերլուծվում է տեղամասերի պետերի և ցանցի պետերի կողմից, որից հետո ներկայացվում են լրացուցիչ պարգևատրումների առաջարկներ։ Ես առանձնահատուկ եմ շեշտել, որ այդ 20 հազար դրամը որևէ ցուցանիշից կախված չէ»,- եզրափակել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից։ ՀԾԿՀ նախագահը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին ՀՀ կառավարությունը բանակցություններ կվարի ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ՝ ընկերության սեփականության իրավունքի փոխանցման հարցով։
ՀԷՑ-ի սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ընկերությունն է։




























