Armenian text to speach

Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՔՊ խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ վարչությունը նրան մերժել է. միաձայն գրեթե 20 հոգանոց վարչությունում ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։

Մերժման պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ նրան մեղադրելով կոռուպցիոն հակումների ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանն ու նրա եղբայր Նաիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը՝ Երեւանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած փոխադարձ սառը հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ՔՊ-ում։

Արդյունքում, մարդը, որը հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին էր՝ բառացիորեն «ջրի շիշը բռնողը», այսօր մերժված է հարազատ կուսակցության կողմից։ Այս տարվա գարնանն էլ Ալեն Սիմոնյանի «ջանքերով» նա կուսակցական նկատողություն էր ստացել:

ՔՊ-ում քննարկել են, թե Հայկ Սարգսյանը եւ եղբայր Նաիրի Սարգսյանը, որը քաղաքային հարցերով բլոգեր է դարձել, մտադիր էին Երեւանի առաջիկա քաղաքապետի ընտրություններում դառնալ ՔՊ-ի թեկնածուն, դրա համար նրանց ընթացքը կասեցվել է՝ մրցակցային տրամաբանությունից ելնելով։

 

 

 

2

Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է. ԿԿՀ վարույթի հետքերով

 

Երեկ Սեւանի ափին բեմադրված «շոու ծրագիրը», որը իշխանության հերթական ցուցամոլության դրսեւորումն էր, թե իբր տեսեք՝ մենք մեր շարքերում գտնվող Սասուն Միքայելյանին պատկանող գույքն էլ ենք ապօրինի գույքի անվան տակ հողին հավասարեցնում, փլչեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ապօրինի գույքը մաշված, երկար ժամանակ չօգտագործված, հալից ընկած 3-4 կառույցներ էին, որտեղ անգամ որպես հյուր մտնելն էլ էր անհնար. դղյակները եւ 3800 շինությունները իրենց տեղում են։ Իսկ ով էր այս «շոուի» գլխավոր դերակատարը. Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, ով ավելի լուրջ վարույթներով է անցել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանի վերաբերյալ տեղեկությունները, իրականացրել էր քննություն։ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Գագիկ Այվազյանը 2011 թվականի մարտի 4-ից մինչեւ 2023 թվականի մարտի 17-ը հանդիսացել է «Կարանգա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր եւ գործադիր մարմնի ղեկավար։ Գագիկ Այվազյանը, որպես ընկերության տնօրեն, 2020 թվականի փետրվարի 11-ին ՊԵԿ դիմում էր ներկայացրել՝ ընկերության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում Արմենակ Այվազյանին որպես առցանց լիազոր գրանցելու վերաբերյալ։ Գագիկ Այվազյանի 2019, 2020, 2021 թվականի տարեկան հայտարարագրերում ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։

Տեղեկացնենք, որ «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, եւ ստեղծագործական աշխատանքից։ Համալիր ուսումնասիրություններից հետո, ըստ որոշման, Հանձնաժողովը այն ժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Այվազյանը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում. եւ ինչ է բացատրել… Մասնագիտությամբ իրավաբանը մոռացել է իր հիմնադրած ընկերության մասին. «2011 թվականին՝ նախքան ընկերության բաժնեմասն իրեն փոխանցելը, ՊԵԿ դիմում է ներկայացրել ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որի հիմքով էլ ընկերության գործունեությունը համարվել է դադարեցված։ Ընկերությունը դրանից հետո որեւէ գործունեություն չի ծավալել եւ շրջանառություն չի ունեցել։ Հայտնել է նաեւ, որ կարծել է, թե իրեն փոխանցվել է միայն ընկերության գույքը, եւ ընկերության տնօրեն հանդիսանալու վերաբերյալ տեղյակ չի եղել»,-ասվում է որոշման մեջ։

Համաձայնեք՝ շատ չես հանդիպի, որ մարդը լինի ՍՊԸ տնօրեն, եւ չիմանա, որ տնօրեն է ի պաշտոնե։ «2014 թվականին զինված ուժերից զորացրվելուց հետո առհասարակ մոռացել է եւ Բարեվարքության թերթիկի լրացման ժամանակ է միայն վերհիշել Ընկերության գոյության մասին»,- ասվում է նույն որոշումում։

Արդյունքում հանձնաժողովը ընդունել է այս պարզաբանումը եւ եզրակացրել, որ Գագիկ Այվազյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջը։ Իսկ թե ինչպես է բոլորին մանրադիտակով հետեւող ԿԿ հանձնաժողովը «մոռանալը» օրենքով արդարացրել, անհասկանալի է։

 

 

 

 

 

3

«Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. ԲԱՑԱՌԻԿ

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ Սեւանա լճի տարածքում գտնվող ապօրինի շինություններից մի քանիսը պետք է հողին հավասարեցվեն։ Հայտարարությունը հնչեց վճռական, սակայն դրան հետեւած գործողությունները կրկին հարցեր առաջացրին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ գրել էր, որ Սեւանա լճի եւ հարակից տարածքներում առկա են շուրջ 3800 ապօրինի եւ քանդման ենթակա շենք-շինություններ։ Սակայն երեկ իրականում քանդվեցին միայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող մի քանի հնամաշ տնակ՝ մետաղական, ակնհայտորեն անպիտան կառույցներ։

Մինչդեռ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների, Աննա Վարդապետյանի կողմից հիշատակված մյուս «խոշոր» օբյեկտները՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը չեն քանդվելու ամբողջությամբ։

«Ժողովուրդ»-ը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ «Հարսնաքար» համալիրից նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ, իսկ հիմնական շենքի մասով քննարկվում են այլ սցենարներ՝ այն պետականացնել, ծառայեցնել այլ նպատակների կամ վաճառել։ Նույն տրամաբանությամբ, Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւս նպատակ կա պետականացնելու եւ դարձնելու որեւէ մանկական կամ կրթական կենտրոն։

Ստացվում է հետաքրքիր, բայց վտանգավոր տրամաբանություն. ապօրինի շենքը ապօրինի է այնքան ժամանակ, քանի դեռ պատկանում է «նախկիններին»։ Իսկ երբ սեփականատերը փոխվում է կամ օբյեկտը անցնում է պետությանը, ապօրինությունը «վերածվում» է օրինականության։

Մինչդեռ, եթե շինությունը խախտում է օրենքը, այն պետք է քանդվի՝ անկախ անունից, անցյալից կամ հետագա օգտագործման ծրագրերից։ Իսկ եթե այն ենթակա չէ քանդման, ապա հարց է առաջանում՝ ինչու է այն տարիներ շարունակ համարվել ապօրինի։

Սեւանի շուրջ ձեւավորվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության պատկեր. մուրճը իջնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, իսկ խոշոր օբյեկտների դեպքում ապօրինությունը «վերաձեւակերպվում» է պետական շահի անվան տակ։

 

 

 

 

4

Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր

 

Ազգային ժողովը երեկ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. կողմ՝ 65, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 20։ Ըստ ընդունված փաթեթի՝ 24-ամսյա պարտադիր ծառայությունը կդառնա 18-ամսյա։

Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ներկայացրեց պահեստազորայինների վարժական հավաքների վերաբերյալ թվերը. 2025-ին վարժական հավաքներին ներգրավվել է 16 000 պահեստազորային, իսկ 2026-ին նախատեսվում է ներգրավել 20 000։

Սա նշանակում է՝ հաջորդ տարի պլանավորվող ներգրավումը ավելանալու է 4 000-ով (մոտ +25%)՝ 2025-ի ցուցանիշի համեմատ։

Այսինքն՝ նախընտրական գովազդի շրջանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվեց կես տարով, բայց մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները՝ ավելի մեծ թվով, վարժական հավաքներին ստիպված կլինեն մասնակցել:

Մասնագետներն այս կրճատումը համարում են բանակի քանդման հերթական քայլ:

 




Լրահոս