Armenian text to speach

ԱՄՆ կոնգրեսականներն օրինագիծ են ներկայացրել՝ Ադրբեջանին օգնության սահմանափակման և Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։

Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ քայլերի թվում կոնգրեսականները նշել են Ադրբեջանի կողմից 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Համատեղ հռչակագրով ստանձնած իր պարտավորությունների պահպանում, բոլոր հայ գերիների և պահվող անձանց անհապաղ և անվերապահ ազատումը, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը և այլ հարցեր:

Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱՄՆ Պաշտպանության նախարարին առաջարկում է զեկույց պատրաստել և ներկայացնել Կոնգրեսի պաշտպանական հանձնաժողովներին Հայաստանի անվտանգության միջավայրում առկա սպառնալիքների մասշտաբի, դինամիկայի և բնույթի քաղաքական-ռազմավարական գնահատման բաղադրիչով՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները և ուժերի հավասարակշռության փոփոխությունները։ Կատարել Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների անվտանգության աջակցության պատմական և ներկայիս գործիքակազմի գնահատում, ներառյալ միջազգային անվտանգության համագործակցության ծրագրերը, արտաքին ռազմական ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման ծրագրերի արդյունավետությունը և ազդեցությունը։ Առաջարկվում է վերլուծել Հայաստանի անհապաղ և երկարաժամկետ պաշտպանական կարիքների համատեքստում առկա համակարգային բացերը՝ պաշտպանական միջոցների, ծառայությունների և ռազմական պատրաստության կարողությունների տեսանկյունից։ Ներկայացնել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կողմից ներկայումս ձեռնարկվող անհապաղ քայլերը՝ Հայաստանի հետ անվտանգության համագործակցության խորացման և ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։ Ձևակերպել քաղաքական և գործառնական առաջարկություններ՝ Հայաստանի անվտանգության աջակցության հետագա ընդլայնման նպատակով, որոնք միտված են Հայաստանի ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդմանը, զսպման մեխանիզմների ձևավորմանը և հնարավոր ագրեսիայի կանխմանը։

«ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։




Լրահոս