Երեկ՝ հունվարի 4-ին, ՀՀ վարչապետի կեցավայրում Նիկոլ Փաշինյանը մի քանի բարձրաստիճան հոգևորականների՝ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հետ ժամեր տևած քննարկումից հետո հանդես է եկել Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարությամբ։
Փաշինյանի հետ քննարկման են մասնակցել 10 բարձրաստիճան հոգևորականները, որոնք այս օրերին ձեռք են բերել տիրադավ անվանումը։
Այդ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն են․
ԱՄՆ Հայոց թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոսՄկրտչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նրանք քննարկման ժամանակ ընդհանուր համաձայնության են եկել, ստորագրել, ապա տարածել հայտարարությունը, որտեղ նշված է, որ ստորոգրողները ստեղծում են համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ Առաքելական Եկեղեցու բարեփոխման կազմակերպչական հարցերով։
Նիկոլ Փաշինյանն ու 10 բարձրաստիճան հոգևորականները հայտարարել են, որ մեկնարկում են Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգումը և միաժամանակ հրապարակել իրենց կողմից կազմած «ճանապարհային քարտեզը», որը ենթադրում է՝ բարենորոգման օրակարգի հանրահռչակում, եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
Նանիկ Աղասյան





























