ArmLur.am-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախի բնակիչն ահազանգում է այն մասին, որ իրենց համայնքում աղբահանության խնդիր ունեն և այն ճիշտ չի իրականացվում։ Նա հայտնում է, որ համայնքի շատ հատվածներում բացակայում են աղբամանները, իսկ շաբաթը վեց օր գյուղ այցելող աղբահանության մեքենան միայն համայնքի կենտրոնական հատվածում է շրջում։
«21-րդ դարում ենք ապրում, բայց մեզ մոտ աղբահանությունը հին ձևերով է դեռ։ Մարդիկ տոպրակներով իջնում են կենտրոնական փողոց՝ իրենց աղբը թափելու։ Եղած-չեղած էդ մի մեքենան ա, էդ էլ փչանալ կա, կարող ա վարորդը իրեն վատ զգա։ Ինքն էլ ա չէ՞ մարդ, կարող ա մի օր էլ իրեն խնդիր լինի։ Ու մենք մնում ենք աղբի տարածվող հոտի մեջ»,- պատմեց մեր զրուցակիցը։
Քաղաքացին հայտնում է, որ ընդամենը երկու տարի է, ինչ ընտանիքով ապրում է Քասախում։ Ներկայացված խնդիրը երկու տարվա ընթացքում չի լուծվել, բայց այն նույն ժամերին նույն ձևով կրկնվել է։ Նրա խոսքով՝ Քասախում շաբաթվա վեց օրը առավոտյան ժամը 08։00-ից լսվելի է աղբահանող «Зил» մեքենայի զիլ, ականջ խլացնող ձայնը։
«Շաբաթվա 7 օրից միայն շաբաթ օրն է, որ աղբահանություն չի իրականացվում, իրենց հանգստի օրն է։ Մի կիրակի էլ մեզ է տրված հանգստանալու համար, բայց մեքենայի ձայնից, ազդանշանից չես կարողանում քո հանգստի օրը գոնե կես ժամ ավել գլուխդ բարձին պահել։ Դա էլ մի կողմ։ Գյուղի աղբահանության խնդիրը թող լուծեն, աղբամաններ բերեն։ Կան գյուղացիներ, որոնք չեն ուզում աղբամաններ տեղադրվեն՝ պատճառաբանելով, թե այդպես էլ շների ոհմակը կհավաքվի»,- ասաց նա։ Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք եղել են դեպքեր, երբ քաղաքացիները աղբը կուտակել են մի հատվածում և վառել՝ մեր զրուցակին ասաց, որ ինքն անձամբ չի տեսել, բայց լսել է, որ համայնքի «Վերևի թաղ» կոչվող հատվածում քասախցիները աղբից ազատվելու այլընտրանքը աղբ վառելն են նախընտրում։
Խնդրով պայմանավորված՝ մենք փորձեցինք զրուցել Քասախ համայնքի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Համայնքապետարանից պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։
Նանիկ Աղասյան

























































































