Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում հետագայում Հայաստանի ու Թուրքիայի սահմանին կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը՝ առնվազն Ախուրիկի և Մարգարայի հատվածներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկմանը։
«Հայաստան-Թուրքիա սահմանին, ակնհայտ է, որ կամուրջներ պետք է կառուցվեն․ առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի, ակնհայտ է, որ Ախուրիկում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Ես նաև կանխատեսում եմ ու հավանականությունը մեծ է, որ Իջևան-Ղազախ հատվածում մենք նաև կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում ունենք որոշակի զարգացումներ»,-ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ մեծ հավանակություն կա, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ Խորհրդային ժամանակներից ինչ-որ բաներ դեռևս մնացել են։
«Այս մասով մասնավոր հատվածից մենք արդեն ազդակներ ստանում ենք․ մասնավոր հատվածն ասում է՝ էլեկտրաէներգիայի մասին կարո՞ղ ենք մտածել, մենք ասում ենք, այո, կարող եք մտածել։ Ինչո՞ւ ենք ասում այո, որովհետև բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ մակարդակում հարցերը, պատկերացումները լուծված են տեսանելի ապագայի համար»,-ասաց ՀՀ վարչապետը։
























