Երևան–Մոսկվա թիվ 1869 չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնել է 35 րոպե ուշ՝ ուղեկցվելով 40 րոպե հայհոյանքներով և արհամարական վերաբերմունքով։
Ըստ նախաքննական մարմնի՝ Վ. Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 00:05-ից մինչև 00:40 ընկած ժամանակահատվածում՝ «Զվարթնոց» միջազգային օդակայանի տարածքում, մասնավորապես թռիչքուղում գտնվող Երևան–Մոսկվա թիվ 1869 չվերթն իրականացնող ինքնաթիռում, ավիացիոն անվտանգության բազայում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Զվարթնոցի բաժնում, նա խուլիգանություն է կատարել։
Վ. Շահբազյանը դիտավորությամբ, իր անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ մարտահրավեր է նետել հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչված նորմերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն համար, որ ինքնաթիռում գտնվող ուղևորների, անձնակազմի, ավիացիոն անվտանգության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նա ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, խախտել իրավական ու բարոյական նորմերը և շուրջ 40 րոպե շարունակ հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։
Արդյունքում խախտվել է օդակայանում գտնվող անձանց անդորրը, խոչընդոտվել է «Զվարթնոց» միջազգային օդակայանի և «Աէրոֆլոտ Ռուսաստանյան ավիաուղիներ» ավիաընկերության բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով էլ Երևան–Մոսկվա թիվ 1869 չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնել է նախատեսված ժամից 35 րոպե ուշ։
Քնար Մանուկյան





























