ՄԱՐԴԻԿ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ժողովուրդն ապրում է սպասելով, որ օրերից մի օր  «ապրել» բառը ուղիղ իմաստով իրական կդառնա իրենց համար: Վարդենիսի բնակիչների  խնդիրներն այնքան ահռելի են եւ բազմաբնութ, որ «Ժողովուրդ»-ի հետ բնակիչները խոսում էին արդեն անհանդուրժողականության դիրքերից: Վարդենիս քաղաքի մասնագիտությամբ մանկավարժ 60-ամյա Սիրանույշ տատիկն ասաց.  «Արդեն մեր համբերության բաժակը լցվել ա, այ աղջիկ ջան, տունը մենակ տղես  ա աշխատում, մենք էլ 6 հոգի ենք, մի ամիս նստում  սպասում ենք, որ էս պետությունը թոշակ տա, կամ մի էրկու դրամով էդ թոշակները բարձրացնի: Ինչ կա-չկա խանութներում, դրին  թանկացրին, որ փող չենք ստանում, էդ ուտելիքը որտեղից առնենք, ուտենք, հը, այ բալա ջան»: 74-ամյա Նորայր պապիկն անմիջապես խոսեց այն փաստից, որ «էս անտեր երկրում մեզ հաշվի առնող չկա, այ բալա ջան, մեր ասածն ու՞մն ա հասնում որ, հիմա էն վերեւներում նստած մարդիկ մենակ մտածում են ժողովրդին գռփեն-ուտեն, մնացել ա ժողովրդին ծախեն, էդ էլ մի քանի վախտ հետո կանեն»: Գյուղատնտեսության ոլորտը Վարդենիսի քաղաքի բնակիչների համար եւս շատ ցավոտ թեմա է, «այ ցավդ տանեմ, ըստեղ ուր ա հող, որ ես սրա մեջ մի բան ցանեմ ու արդյյունք ստանամ, համ էլ էդ ամեն ինչն էլ փողի հետ ա կապված: Ես ի՞նչ եմ ստանում, որ մի հատ էլ տամ, բան առնեմ, էրկու կոպեկ թոշակ են տալիս, դրանով տուն պահե՞նք, թոռ պահե՞նք, թե հող մշակենք»,-ասաց 63-ամյա Ռուդիկ պապը, որը մասնագիտությամբ շինարար է: Վարդենիս քաղաքում ապրող 40-ամյա Ալինայի հետ զրուցելիս պարզեցինք, որ այնտեղ կանանց հիմնական խնդիրը վերաբերում է աշխատանքին` «մի հատ ոչ գործարան կա, ոչ նորմալ մանկապարտեզ, ոչ հիվանդանոց: Ախր, չեք պատկերացնի, էնքան վատ վիճակում ա էս Վարդենիսում ապրող ժողովուրդը,  արդեն հիասթափված ուզում ենք թողնենք, գնանք էս երկրից»: Նույն կարծիքին էր 42- ամյա տիկին Գոհարը. «Ստիպված մեր բերանից կտրում ենք, ուղարկում էրեխեքին, որ քաղաքում են սովորում: էն էլ ավարտում, գալիս են, մնում անգործ: Դե ես չեմ, դու ես, ասա, ի՞նչ անեն մեր էրեխեքը  էս անտեր երկրում»: Քաղաքի երիտասարդները եւս խոսեցին անգործությունից: Նրանք մի կերպ են աշխատանք ճարում, աշխատանք ունենալու դեպքում էլ «փողը քիչ են տալիս: Հենց մի բան էլ պահանջում ես, գործից ազատում են, ասում են հազար մարդ կա, որ գործ ա ուզում, չես ուզում, գնա: Ստիպված սոված չմնալու համար համաձայնվում ենք»: 27- ամյա Նարեկը որոշել է գարնան գալուն պես երկրից դուրս գա` աշխատելու համար. «Ինչ անեմ, էկա որ մնամ, էն էլ գործ չկա ստիպված պիտի գնամ»: Իսկ 8-ամյա Մելինեն վարդենիսյան իրականությունից ընդամենը՝ «մի հատ կարուսել եմ ուզում, մեր շենքի մոտ, որ Արամի, Հասոյի ու Լուսոյի հետ խաղամ»:   ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս