Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կսկսվի ԱԱԾ կողմից վերջերս պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալված 3 անձանց դատավարությունը: Այս գործով եւս 3 հոգու մեղադրանք էր առաջադրվել հանցագործության մասին իմանալ չհայտնելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ քաղաքացիներ` Կ.Մեհրաբյանը, Ռ.Մաթեւոսյանը եւ Ա.Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ ու ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ, մասնավորապես փորձել են տեղեկություններ փոխանցել ՀՀ եւ ԼՂՀ ԶՈՒ, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների ու տեխնիկայի մասին: Իսկ ՀՀ քաղաքացիներ Կ.Պետրոսյանը, Ա.Ավետիքյանը եւ Դ.Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ.Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Քրեական գործը քննելու է Ռ.Քոչարյանի թիկնապահ Կուկուի եւ յոթի գործով հայտնի դատավոր Մացոն` Մնացական Մարտիրոսյանը: Ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն բավական արագ ավարտեց այս գործի նախաքննությունը եւ այն ուղարկեց դատարան:
ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ