Իրանի ապագայի վերաբերյալ ռազմավարական գնահատականները հաճախ ուղեկցվում են սխալ հաշվարկներով։ Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական ռեժիմների կայունության կամ փլուզման վերաբերյալ կանխատեսումները հաճախ չեն իրականանում։ Այդ պատճառով Իրանի շուրջ զարգացումները պետք է գնահատել զգուշությամբ՝ հաշվի առնելով, որ հակամարտությունների ընթացքը հազվադեպ է լինում գծային և կանխատեսելի։
Տասնամյակներ շարունակ Իրանը արևմտյան ռազմավարական մտածողության մեջ դիտվել է որպես հիմնականում մերձավորարևելյան խնդիր։ Սակայն նրա հյուսիսային սահմանը՝ որը սահմանկից է Հայաստանին և Ադրբեջանին, վաղուց կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում։
Իրանում լուրջ քաղաքական վերափոխումը կարող է վերակազմավորել ուժերի հարաբերակցությունը արդեն իսկ փխրուն աշխարհաքաղաքականություն ունեցող տարածաշրջանում՝ ազդելով նաև Ռուսաստանի՝ Ուկրաինայում մղվող պատերազմի վրա։ Հարավային Կովկասը ներկայում անցնում է դանդաղ, բայց խորքային վերադասավորումների փուլ։ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, Թուրքիան ընդլայնել է իր ներկայությունը, իսկ Իրանը հանդես է եկել որպես ստատուս-քվոյի պաշտպան և սահմանների փոփոխության ընդդիմախոս։ Իրանի ապագան որոշիչ կլինի՝ կմնա՞ նա կայունացնող բուֆեր, կդառնա՞ ինտեգրման կամուրջ, թե՞ կվերածվի անկայունության աղբյուրի։ Այս հարցերի պատասխաններն էլ հետագայում կվճռեն Հարավային Կովկասի հետագա ճակատագիրը։
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան․ տարբեր ազդեցություններ
Տարածաշրջանում Հայաստանը ամենազգայունն է Իրանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների նկատմամբ, քանի որ Իրանը ՀՀ-ի համար հանդիսանում է ոչ թշնամական հարավային սահման և տնտեսական այլընտրանքային ուղի։ Իրանի կայուն ու վերաինտեգրված տարբերակը Հայաստանի համար ամենաբարենպաստն է, իսկ քաղաքական և անվատանգային անկայունությունը՝ ամենավտանգավորը։
Ադրբեջանի պարագայում հարցը ավելի երկիմաստ է։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից իհարկե Ադրբեջանի համար շահեկան է Իրանի թուլացումը, հաշվի առնելով Ադրբեջան – Իսրայել բարեկամական հարաբերությունները և ՀՀ կարևոր ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը , սակայն Իրանի փլուզումը պարունակում է լուրջ ռիսկեր՝ հատկապես Իրանում բնակվող միլիոնավոր ադրբեջանցիների հարցում։
Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա Վրաստանը չունի ուղղակի սահման Իրանի հետ, սակայն նրա դերը որպես արևելք-արևմուտք տարանցիկ միջանցք կախված է տարածաշրջանային կայունությունից։ Իրանի ապագան կարող է կամ ամրապնդել Վրաստանի դերը, կամ խորացնել նրա աշխարհաքաղաքական տատանումները։
ԱՄՆ–Իրան հակամարտության զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ Իրանի ներսում հնարավոր փոփոխությունները տարբեր աստիճանի ազդեցություն կունենան Հարավային Կովկասի անվտանգության համակարգի վրա։ Տարածաշրջանի կայունությունը զգալիորեն կախված է նրանից, թե ինչ ուղղությամբ կընթանա Իրանի ներքաղաքական և արտաքին քաղաքական վերափոխումները։
Առաջին՝ Իրանի կարգավորված և պրագմատիկ անցումը համարվում է Հարավային Կովկասի համար առավել կայունացնող սցենարներից մեկը։ Եթե Թեհրանում ձևավորվի ավելի հաշվարկված և միջազգային համակարգում ինտեգրվող իշխանություն, ապա դա կնպաստի լարվածության նվազեցմանը, տնտեսական կապերի վերականգնմանը և տարածաշրջանում ուժային հավասարակշռության ավելի կանխատեսելի ձևավորմանը։ Այդ պարագայում կբարձրանա էներգետիկ և տարանցիկ նախագծերի բազմազանությունը, կթուլանա բլոկային բևեռացումը, իսկ փոքր պետությունները կստանան ավելի լայն մանևրելու հնարավորություն։ Այս տարբերակը իհարկե արմտյան կողմի կանխատեսումմներին է ավելի համապատասխան։
Երկրորդ՝ Իրանի պետական համակարգի փլուզումը կամ երկարատև քաոսային անկայունությունը կլինի ամենաապակայունացնող զարգացումը, ոչ միայն Իրանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար։ Նման սցենարը կհանգեցնի փախստականների հնարավոր հոսքերի, սահմանային անվտանգության ռիսկերի աճի, տնտեսական կապերի խաթարման և արտաքին ուժերի մրցակցության սրման։ Հարավային Կովկասը, լինելով անմիջական հարևան տարածաշրջան, առաջիններից մեկը կզգա այդ ազդեցությունը՝ թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային և թե՛ աշխարհաքաղաքական մակարդակներում։ Այդ պայմաններում տարածաշրջանը կարող է վերածվել մեծ տերությունների մրցակցության նոր հարթակի։
Երրորդ՝ կոշտ ազգային-ավտորիտար կառավարման ռեժիմի շարունակականությունը, նույնիսկ իշխանության փոփոխության պարագայում, կապահովի հարաբերական կանխատեսելիություն, սակայն չի վերացնի բլոկային դիմակայությունը։ Իրանը կշարունակի հանդես գալ որպես հակակշիռ արևմտյան ազդեցությանը, կպահպանի համագործակցությունը ոչ արևմտյան դերակատարների հետ և կշարունակի դիմակայել տարածաշրջանային այն նախագծերին, որոնք ընկալվում են որպես իր շահերին հակասող կամ սահմանափակող գործողություններ։ Այս սցենարը չի ստեղծի կտրուկ ցնցումներ, սակայն կպահպանի լարված, բևեռացված միջավայր։
Ի վերջո պետք է հասկանալ, որ Իրանի հարցը չի կարելի դիտարկել միայն Պարսից ծոցի անվտանգության կամ միջուկային բանակցությունների շրջանակում։ Թեհրանում ցանկացած էսկալացիա, ներքաղաքական վերադասավորում կամ ռազմավարական շրջադարձ անմիջապես կանդրադառնա Եվրասիական տարանցիկ միջանցքների, էներգետիկ շուկաների վերաձևավորման, տնտեսությունների և ռուս- ուկրանիական պատերազմի վրա։
Հարավային Կովկասը գտնվում է այս բոլոր աշխարհաքաղաքական ճեղքագծերի հատման կետում, և այդ պատճառով Իրանի շուրջ զարգացումները պետք է գնահատվեն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաեվրասիական անվտանգության համակարգի համատեքստում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան






















































































