Այսօր Մեծ Պահքի տասնյոթերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Բուսական աղցան Տասնյակ
Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է 10 հատ սմբուկ, 10 հատ լոլիկ, 10 հատ բուլղարական պղպեղ, 10 հ սոխ, 10 հ սև պղպեղ (ոլոռ), արևածաղկի ձեթ 1 բաժակ, շաքարավազ 100գրամ, աղ 2 ճ/գ, քացախ 3 ճ/գ, ախտոր 10 պճեղ։
Բոլոր բանջարեղենը լավ լվանալ, սմբուկը կտրատել խորանարդիկներով, լցնել սառը ջրի մեջ, թողնել կես ժամ։
Լոլիկը բաժանել 4 մասի, սոխը՝ կես օղակներով, իսկ բուլղարական պղպեղն ու սխտորը՝ խոշոր խորանարդներով։ Լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին եւ եփելու ընթացքում 2-3 անգամ խառնել։ Եփել 30-40 րոպե։ Եփելու ընթացքում լցնել սև պղպեղը, ավելացնել սխտորն ու քացախը, խառնել և եփել ևս 5 րոպե։ Անջատել և մատուցել սառը կամ տաք վիճակում։ Մատուցելու ժամանակ կարող եք ավելացնել կանաչիների տեսակներ ։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

























































































