Կանանց տոների և Թատրոնի միջազգային օրվա առիթով ArmLur.am-ը զրուցել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը թատրոնի և կանացի ուժի մասին հետ:
-Էմմա, արդեն գարուն է և կանաց միամսյակն է, այս առիթով խնդրեմ կասեք՞ ինչ է Ձեզ համար կանացիությունը, և ո՞րն է Ձեր ներքին ուժի գաղտնիքը։
Եթե տարվա եղանակները սեռ ունենային, ես վստահ եմ՝ գարունը կին կլիներ։ Կանացիությունը ինձ համար ուղիղ համեմատական է գարնան հետ՝ տաք, երբեմն քամոտ, հաճախ անձրևային, բայց միշտ իր հետ ծաղկունք է բերում։
Իմ ներքին ուժը հենց այս ամենի մեջ ներդաշնակ լինելն է՝ ընդունել ինքս ինձ այնպես, ինչպես կամ՝ իմ բոլոր թերություններով ու առավելություններով։
-Կա՞ն կանացի դետալներ, որոնց ավելի շատ եք ուշադրություն դարձնում հագուստում և աքսեսուարներում։
Վերջին շրջանում հաճախ եմ ընտրում կոստյումներ․ ինչ-որ առանձնահատուկ կերպով կանացի են դարձնում ինձ։ Թեև առօրյայում ավելի շատ սպորտային ոճին եմ մոտ, բայց ունեմ դետալներ, որոնց միշտ հավատարիմ եմ մնում՝ մատանիներ, ականջօղեր… և, իհարկե, կարմիր շրթներկ, որն ինձ համար տրամադրություն է։
-Էմմա, շուտով Թատրոնի միջազգային օրն է։ Կասե՞ք՝ ի՞նչ է Ձեզ համար լինել դրամատիկական թատրոնի դերասանուհի, ո՞րն է Ձեր ամենասիրած դերը թատրոնում, և ի՞նչ առանձնահատկություն ունի թատրոնը Ձեր կյանքում։
Իմ սիրելի դերերը գնալով շատանում են, բայց առանձնացնեմ Մենդիին՝ «Գանգսթեր Մաքը» ներկայացումից, Ընկեր Մարգարիտային՝ «Չուչել»-ից։ Շուտով սպասվում է նաև նոր պրեմիերա՝ կանանց տոներին նվիրված «Սիրո վեց կանգառ» ներկայացումը, որտեղ իմ դերը պահանջում է նոր փորձառություն ու նոր զգացողություններ, որոնք արդեն շատ հոգեհարազատ են դարձել ինձ։
-Երբևէ եղե՞լ է, որ, բախվելով արվեստագետի ճանապարհի դժվարություններին, ցանկանաք հեռանալ թատրոնից կամ ասպարեզից։
Թատրոնը ընտրություն չէ, որից կարելի է հեշտ հրաժարվել։ Բավական է մեկ անգամ «վարակվել» թատրոնով, և այլևս չես պատկերացնի կյանքդ առանց այս աշխարհի։
Իհարկե, դժվարություններ լինում են։ Լինում են վախեր, կասկածներ, որ ինչ-որ բան չի ստացվի։ Բայց վախը երբեք առիթ չէ հուսահատվելու կամ հրաժարվելու համար։
-Որպես երիտասարդ դերասանուհի՝ ի՞նչ կուզեիք փոխել արվեստում, և ի՞նչի կարիք ունի մեր հանդիսատեսը հիմա:
Այսօրվա հանդիսատեսին իսկապես դժվար է զարմացնել։ Կարծում եմ՝ նա ամենից շատ կարիք ունի տեսնելու անկեղծություն։ Չէ՞ որ երբեմն ամենաբարդ հարցերի պատասխանները թաքնված են ամենապարզ բաների մեջ, և հենց թատրոնն է, որ կարողանում է դրանք բացել մեզ համար։
Ուրախ եմ, որ այսօր գրեթե բոլոր թատրոններում դահլիճները լեփլեցուն են։ Սա չմեռնող արվեստ է։
Շնորհավոր տոնդ, նորին մեծություն Թատրոն։
Շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում։
Ալլա Թովմասյան





























