ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նավթի նկատմամբ որոշ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը՝ փորձելով զսպել Իրանի շուրջ պատերազմի հետևանքով գլոբալ էներգետիկ շուկաներում առաջացած ցնցումները։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ նշելով, որ նման քայլը կարող է ավելացնել նավթի առաջարկը միջազգային շուկայում։ Պատերազմի հետևանքով նավթի և գազի գները կտրուկ աճել են՝ պայմանավորված մատակարարումների խափանումներով և փոխադրումների դժվարություններով։
Եթե այս քայլը իրականացվի, այն կարող է արմատապես փոխել ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ դրա ազդեցությունը կարող է սահմանափակ լինել, իսկ եկամուտները կարող են ուղղվել հենց այն իշխանություններին, որոնց դեմ Վաշինգտոնը պատերազմ է վարում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ պատասխան չի տվել նախաձեռնության վերաբերյալ՝ նշելով միայն, որ «կարվի այն, ինչ անհրաժեշտ է գները վերահսկելու համար»։
Բեսենթի խոսքով՝ քննարկվում է հատկապես արդեն ծովում գտնվող իրանական նավթի վաճառքի սահմանափակումների վերացումը, որը գնահատվում է մոտ 140 միլիոն բարել։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է կարճաժամկետ՝ 10-14 օրով նվազեցնել համաշխարհային գները։
Մինչ պատերազմը Իրանի նավթի հիմնական գնորդը Չինաստանն էր, որը այն ձեռք էր բերում զեղչված գներով՝ պատժամիջոցների պայմաններում։ ԱՄՆ-ը հույս ունի, որ սահմանափակումների մեղմացումը կուղղորդի այդ նավթը դեպի այլ շուկաներ՝ օրինակ Հնդկաստան, Ճապոնիա և Մալայզիա։
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ առաջարկվող ծավալները համեմատաբար փոքր են համաշխարհային պահանջարկի համեմատ, և ազդեցությունը գների վրա էական չի լինի։ Բացի այդ, մեծ մասամբ այդ նավթը արդեն հայտնվում էր շուկայում շրջանցող մեխանիզմների միջոցով։
Քննարկվող քայլը հաջորդում է ԱՄՆ-ի այլ գործողություններին՝ ներառյալ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը և ռուսական նավթի նկատմամբ որոշ սահմանափակումների ժամանակավոր մեղմացումը, ինչը արդեն քննադատության էր արժանացել Եվրոպայում։
Փորձագետների գնահատմամբ՝ նման քայլի քննարկումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը փորձում է ամեն կերպ լրացնել էներգակիրների պակասը՝ պայմանավորված Հորմուզի նեղուցի փակմամբ, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդը։
Պատերազմի հետևանքով, ըստ գնահատականների, համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 10%-ը դուրս է մնացել շուկայից, ինչը շարունակում է ճնշում գործադրել գների և համաշխարհային տնտեսության վրա։
Հեղինակ՝ Անի Վարդանյան
























































































