ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական աշխարհում զարգացող իրադարձությունների  ֆոնին, մի տեսակ անուշադրության մատնվեցին եվրոպական շատ քաղաքական գործիչների բնորոշմամբ`  «Եվրոպայի  վերջին  բռնատիրական բաստիոնը»  հանդիսացող Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները եւ  հետընտրական զարգացումները: Ընտրություններից առաջ  ստեղծվել էր բավական հետաքրքիր խճանկար: Երկար տարիներ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունենալուց  հետո, նախագահական ընտրություններից ամիսներ առաջ  «Բատկան» փչացրեց հարաբերությունները Մոսկվայի հետ: Ճիշտ է, նա հնարավորինս փորձում էր ցուցադրել, թե խնդիրներ չունի «տանդեմի առաջատար» Վլադիմիր Պուտինի հետ, այլ մեղավորը միայն նախագահ Մեդվեդեւն է, սակայն դրան հաջորդած ռուսական  ԶԼՄ-ների հարձակումը երբեմնի  դաշնակցի վրա, ցուցադրեց ռուսական իշխանության միասնական մոտեցումը Լուկաշենկոյի հանդեպ: Դրա ֆոնին,  Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Մեհրիբան Ալիեւայի ընկերը էականորեն  լավացրեց հարաբերությունները Եվրոպայի հետ`  հաշվի առնելով նաեւ նրա կտրուկ  հայտարարությունը, թե երբեւիցե  չի պատրաստվում ճանաչել  Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունները: Դրան հաջորդեցին ակնարկներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, թե հնարավոր է առաջիկայում մեղմվեն Բելառուսի նկատմամբ տարիներ առաջ հաստատված պատժամիջոցները:Ինչեւէ,  անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում Լուկաշենկոն  հավաքեց մոտ 80 տոկոս ձայն, որին հաջորդեցին ընդդիմության բազմահազարանոց  ցույցերը եւ երթերը:  «Նորընտիրը», ինչպես  եւ խոստացել էր, դաժանորեն ճնշեց ընդդիմության ելույթները եւ բանտեր  ուղարկեց  նախագահի մյուս բոլոր  թեկնածուներին:Համաշխարհային արձագանքը վերադարձավ  ի շրջանս յուր: Մոսկվայի կողմից  վերահսկվող  ԱՊՀ  դիտորդները հայտարարեցին, թե  ավելի  լավ ընտրություն չեն  տեսել, իսկ ԵԱՀԿ-ն հրաժարվեց ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը:Այստեղ մի փոքր շեղվելով  թեմայից, պետք է անդրադառնանք բոլորի կողմից «սիրված»  երկակի ստանդարտներին: Եվ  այսպես.  Բելառուսում ընդդիմութան կազմակերպած  ցույցերին մասնակցում էր 5-10 հազար մարդ, Հայաստանում` առնվազն տասնյակ հազարներ: Բելառուսում ցույցը ցրելիս  վնասվեց մի երկու գլուխ, Հայաստանում` իրենց մահկանացուն կնքեցին առնվազն  10 հոգի: Բելառուսի դեպքում Եվրոպան հրաժարվում է ընդունել ընտրությունների  արդյունքները, Հայաստանի դեպքում մեկ քայլ առաջ գրանցվում: Երկակի ստանդարտների կիրառման հիանալի օրինակ:Ինչեւէ, ընտրություններից անցել է  1,5 ամիս, եւ Մոսկվան ու Մինսկը փորձում են զգուշորեն  նորոգել այրված  կամուրջները:  Մեդվեդեւը շնորհավորեց Լուկաշենկոյին՝ «ընտրվելու»  կապակցությամբ, իսկ երեկվանից  սկսվեց  էլեկտրաէներգիայի մատակարարումը  Բելառուս:Դրա փոխարեն  Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի  հանդեպ, եւ դրանցից առաջինը   արդեն  մտել է ուժի մեջ: Երկրի 150 պաշտոնյաների արգելված է մուտք գործել Եվրամիության երկրներ, այդ թվում` Լուկաշենկոյին եւ նրա երկու որդիներին: Ցանկում են իրավապահ մարմինների ղեկավարներ, ընտրական հանձնաժողովի նախագահներ, դատավորներ եւ անգամ  պետական ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ:Հատկանշական է, որ ԵԽԽՎ-ում հնչում են կոչեր  ուղղված  նաեւ Հայաստանին, որպեսզի մենք նույնպես արգելենք Լուկաշենկոյի մուտքը Հայաստան: Ամբողջ  աշխարհը Քոչարյանի դեմ է. մի երկիր կար, ուր ուրախությամբ ընդունում էին մեր նախկին նախագահին, էն էլ ասում են`  դրանց հետ բարեկամություն  մի արեք:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս