
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի առջև և պահանջում էին, որ վարչապետը իջնի և իրենց՝ չորս տարի ձգձգվող հարցերին լուծում տա: Սակայն վարչապետի փոխարեն իջել էր Կառավարության աշխատակից Ալեքսանդր Ղազարյանը:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Ղազարյանը բնակիչներին հորդորել էր տեղեկանք ներկայացնել՝ դրա մեջ գրելով իրենց պահանջներն ու խնդիրները: Ինչպես բնակիչներն են ասում, իրենց «ցրեցին» ևս մեկ անգամ:
Ղազարյանը բնակիչներին ասել է, թե՝ ուզում եք, 3 ժամ կանգնեք, մեկ է, վարչապետը չի իջնելու: Սակայն նրանք պատրաստվում են նաև հինգշաբթի օրը ակցիա կազմակերպել և ստորագրահավաք են անցկացրել Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու վաշխառուական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների շրջանում: Սույն նամակով պահանջում են նախագահից և վարչապետից չեղյալ հայտարարել ավելի վաղ կոոպերատիվը սնանկ ճանաչելու որոշումը: