Քրեական գործ` նախկին պատգամավորի հարազատի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոմպաս» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն եւ ներկայացրել «Մասնակցային մոնիտորինգ` հանուն բարեկարգ եւ որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված վերլուծությունը, ըստ որի` դիտորդական խմբի անդամներն ուսումնասիրել են Գյումրու մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքները եւ հայտնաբերվել են սահմանված նորմատիվներից շեղումներ:

Դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրու փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում պետք է հիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները լուսավորվեն խնայողական լամպերով: Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցվեց:

Բանն այն է` թավշյա հեղափոխությունից հետո մարզային նոր իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին: Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող խումբը փոփոխվեց, եւ այն սկսեց ղեկավարել արդեն նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը: Բայց, պարզվում է, մոտ 8 ամիս է, ինչ աշխատանքային խումբը չի գործում: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են շուրջ 12 փողոցներ եւ 3 հրապարակներ, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում են 3 շինարարական կազմակերպություններ` «Սիսիան ԲՈՒԱՏ», «ԱԱԲ պրոեկտ» «Մերձովսոկվյան»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսասնի ԲՈՒԱՏ» եւ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում: Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

Եւ այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն նախկին պատգամավորը հայտարարեց, որ ընկերությունը դեռեւս 2015 թվականին են վաճառել:
Իսկ, ահա, «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռեւս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ: Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգսիտրի` ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը:

Ինքը` Վոլոդյա Բադալյանը, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն: Իսկ հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր. «ՄԵզ հետ ոչ մի խնդիր չկա: Տեղյակ չեմ ես, համ էլ, որ նման բան լիներ, կգար կասեր էրեխեն»: Բացի այս, համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ամենի արդյունքում հնարավոր է քաղաքապետի պաշտոնից հրաժարական տա Սամվել Բալասանյանը: Սակայն այս հարցի պատասխանը մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Նշենք` «Կոմպաս» ընկերությունը դիմել է Շիրակի մարզի դատախազություն եւ ներկայացրել շինարարական ընկերությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները: ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Հարությունյանի խոսքերով` եթե խնդիրներ չլիներ, ապա քրեական գործ չէր հարուցվի:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` որն է այս հարցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մեղքի բաժինը, Ղարիբ Հարությունյանն ասաց. «Քաղաքապետը պատվիրատուն է, այսինքն` ինքն ունի վերահսկողական լուրջ ֆունկցիա: Նա պետք է ի սկզբանե` նախագծի փուլից սկսած վերահսկեր, որ այդ ամբողջ շղթան նորմալ աշխատեր: Բայց ինքը էս մասով թերացել է. շինարարները նորմերը չեն պահպանել, նախագծողը վատ նախագիծ է կազմել, որի մեջ ամբողջ պատկերը արտացոլված չի եղել:

Բոլորը բարձիթողի վիճակում են գործել: Այս աշխատանքները վերահսկող աշխատանքային խումբը, որը ստեղծվել էր նախկին փոխմարզպետի կողմից, չի գործել: Նախկին փոխմարզպետը հրաժարվել է, եւ 8 ամիս չկա աշխատանքային խումբ, որը աբսուրդ է»:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ջիվանու փողոցում` հիմնական երթեւեկելի մասում, երկշերտ ասֆալտաբետոնի, մայթերի սալարկման եւ եզրաքարերի տեղադրման աշխատանքների հետ կապված արձանագրվել են շեղումներ, իսկ շեղումը կազմել է 5-ից 6 սմ: Մուշ-2 թաղամաս տանող ճանապարհում եզրաքարերի տեղադրման աշխատանքների հետ կապված բացահայտվել է, որ կատարված որոշ չափումների դեպքում պահպանված չեն եղել մայթի եզրաքարերի ստորին շերտերի համար սահմանված հաստությունները եւ լայնությունները:

Բայց մեզ հայտնի դարձավ, որ արձանագրված հիմնական խնդիրն առնչվել է շինարարության վայրերում մեքենաների եւ հետիոտների անվտանգ երթեւեկության համար ձեռնարկված միջոցառումների թերացումներին: Գարեգին Նժդեհի փողոցում եղել են թերացումներ ինչպես երթեւեկության կարգավորման եւ հետիոտների տեղաշարժի անվտանգության ապահովման առումով, այնպես էլ շինարարական հրապարակում կուտակված է եղել կենցաղային եւ շինարարական աղբ:

Պարզվում է` անցած տարվա ընթացքում ձգձգված շինարարական աշխատանքները բացասական անդրադարձ են ունեցել քաղաքի ներգնա զբոսաշրջության վրա, բազմաթիվ տուրիստական գործակալություններից փոխանցվել են այցելող զբոսաշրջիկներից ստացված դժգոհություններ` քաղաքում մեծ քանակության փոշու առկայության եւ անանցանելի փողոցների, մայթերի վերաբերյալ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս