ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՐԿԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը հերթական սկանդալային հայտարարություններն է արել. նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է երկրի ներսում ցեղասպանություն իրականացնելու մեջ:
«Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, երկիրը զրկում են երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»,-համերգային ծրագրով Մոսկվա այցի ժամանակ Life Showbiz պարբերականին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:
Նկատենք, որ սա Շարլ Ազնավուրի առաջին նմանատիպ հայտարարությունը չէ: Ընդամենն ամիսներ առաջ Ազնավուրը եւս մեկ քննադատություն էր հնչեցրել իշխանությունների հասցեին: Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում նա ասել էր. «Այս ո՞ւր ենք գնում: Եւ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է եւ անհանգստացնում»:
Ակնհայտ է, որ Շարլ Ազնավուրի այս խոսքերը սեփական հայրենիքի ճակատագրով մտահոգված մարդու հայտարարություններ են, որոնք նա հնչեցնում է միջազգային լրատվամիջոցներով: Բայց կատարվածի ինտրիգն այն է, որ նման խոսքեր հնչեցնում է ոչ թե սովորական քաղաքական կամ մշակութային գործիչը, այլ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը: Այսինքն` ՀՀ դիվանագիտական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձնավորությունը: Մեղադրում է ոչ թե որեւէ օտար երկրի ղեկավարության, այլ իր իսկ վերադասներին` ՀՀ իշխանություններին: Ու մեղադրում է երկիրը դատարկելու, այդպես երկրի ներսում  ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Տեղին է հիշեցնել, որ դեռ 2008թ-ի փետրվարի 25-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջօրյա հետընտրական հանրահավաքների ժամանակ, ՀՀ 11 դիվանագետներ համատեղ հայտարարությամբ իշխանություններին ու ընդդիմությանը կոչ արեցին զերծ մնալ չմտածված քայլերից, որպեսզի հանկարծ արյունահեղություն չլինի, ու դրա արդյունքում Հայաստանի վարկը տասնամյակներով չընկնի միջազգային ասպարեզում: Սակայն այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն աշխատանքից ազատեցին հայտարարության տակ ստորագրած դիվանագետներին: Իսկ հիմա, երբ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ազնավուրը քաղաքական լուրջ մեղադրանքներ է ներկայացնում այս ռեժիմին, ԱԳՆ-ն փորձում է ջայլամի քաղաքականություն վարել ու հերթական անգամ չմեկնաբանել այն:
Համենայնդեպս, երեկ, երբ զանգահարեցինք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին, վերջինս հրաժարվեց մեկնաբանել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի հայտարարությունները: Որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաեւ նախագահականից: Իսկ թե ինչու, մնում է միայն ենթադրել:
Հ.Գ. Երեկ՝ գիշերը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակի ենթակայության  տակ գտնվող «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Շ. Ազնավուրն ասել էր, թե ինքը նման բան չի ասել, դա սխալ թարգմանություն է եղել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս