Armenian text to speach

Ոստիկանության քննչականի պետը` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր. ո՞վ է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական թեկնածուն Գագիկ Համբարձումյանն է: Առավոտյան Համբարձումյանը երդվեց ԱԺ ամբոնից:

ArmLur.am-ը ուսումնասիրեց, թե ով է ԱԺ նոր անդամը։

Գագիկ Համբարձումյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 30-ին՝ Երևանում։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

ArmLur.am-ը պարզեց, որ Համբարձումյանը երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պաշտոններ իրավապահ համակարգում։ Իր աշխատանքային գործունեությունը սկսել է դեռ 1978 թվականից՝ որպես Շահումյանի ՆԳ բաժնի քննիչ, ապա շարունակել Երևանի ՆԳ վարչությունում։

Ավելի ուշ նա աշխատել է ՀԽՍՀ ՆԳ նախարարության քննչական համակարգում՝ որպես ավագ քննիչ և կարևորագույն գործերով քննիչ։ 1989-1991 թվականներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ եղել է քննչական մասի պետ և Մաշտոցի ՆԳ բաժնի պետ։

ArmLur.am-ը նաև պարզեց, որ 1990-ականներին Համբարձումյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ինչպես նաև ծառայել է պաշտպանության նախարարության համակարգում։

1999-2007 թվականներին նա ղեկավարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, իսկ 2007-ից մինչև 2014 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ միաժամանակ ղեկավարելով քննչական գլխավոր վարչությունը։

2014 թվականին նախագահի հրամանագրով նա կրկին նշանակվել էր ոստիկանության պետի տեղակալ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս