Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել երեկվա «Վարչաբենդի» համերգից, որտեղ հայհոյում է քաղաքացիներին։ Տեսանյութի տակ քաղաքացիները կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան Մինասյանը հայհոյել է եւ վիրավորել օգտատերերին։
ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Սարիկ Մինասյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու էր երեկ հայհոյանքներ հնչեցնում քաղաքացիների հասցեին։
-Պարոն Մինասյան, երեկ դուք ձեր սոցէջում վիրավորական և հայհոյախառը արտահայտություններ էիք հնչեցնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր «Վարչաբենդի» համերգի մասին վատ մեկնաբանություններ էին հրապարակում։ Ինչու՞ եք թիրախավորում քաղաքացիներին և հայհոյախառը արտահայտություններ հնչեցնում։
Կներեք, բայց ես չեմ հարձակվել, ֆեյք էջերով հարձակվել էին իմ գրառման տակ՝ վատ մեկնաբանություններ թողնելով։ Տեսնելով, որ իմ հրապարակած տեսանյութը մեծ տարածում է գտնում և հավանության արժանանում, սկսեցին ֆեյք էջերով վատ մեկնաբանություններ գրել։
-Բայց պաշտոնյան պետք է զուսպ լինի և կարողանա հարգել քաղաքացիների կարծիքը, ինչու՞ էիք հայհոյանքներ հնչեցնում։
Այո՛, ճիշտ եք, ուղղակի մեր մենտալիտետով հայ տղամարդը երբեմն սառնասիրտ չի կարողանում լինել, և արձագանքը վատն է ստացվում։
-Զղջու՞մ եք ձեր արածի համար։
Այո՛, իհարկե։ Քիչ հետո ես հայտարարությամբ հանդես կգամ։ Ուղղակի իրենց գրածների համեմատ իմ գրածը կարելի է հայհոյանք չհամարել։ Բնականաբար ինչ արեցի ինձ չէր սազում, ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր չպետք է կարդային այդ ամենը, ուղղակի բարկացնում է նաև այն, որ թիրախավորում են ոչ միայն քեզ, այլև քո ընտանիքը, քո հարազատներին։ Դրա համար սադրանքին տրվում ես, որը բնականաբար չպետք է լինի։
-Նախընտրական ժամանակահատված է, մթնոլորտը լարված, այսինքն պետք է ամեն օր նման իրավիճակի՞ ականատես լինի հանրությունը։
Ո՛չ, ես կոչ եմ անում բոլորին քաղաքական նկատառումներից ելնելով իրենց հակառակորդներին չթիրախավորել, սա չդարձնել ամենօրյա խնդիր։
-Իսկ հեռացրե՞լ եք մեկնաբանությունները։
Այո՛, հեռացրել եմ, իրենք ավելի վատ բառեր են գրում, գրում են, հետո փոխում իրենց գրառումը՝ դրանով սադրելով մեզ։
Զրուցեց Սոնա Գրիգորյանը





























