Չարենցավանի եկեղեցում հոգեհանգստի ժամանակ քաղաքացուն սպանողը անմեղսունակ է ճանաչվել, և քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան։
Արթուր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում կատարել է հետևյալ՝ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքները։
Արթուր Շահնազարյանը 2024 թվականի մայիսի 07-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր բնակության վայրում, դանակի գործադրմամբ առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք է պատճառել փեսային՝ Արսեն Վանիկի Խաչատրյանին, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ հասցնելով, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Անդրանիկ Միրանի Ղազարյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում։
Արթուր Վարդանի Շահնազարյանը 2024 թվականի մայիսի 07-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց՝ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 21-րդ շենքի 7-րդ բնակարանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ ամուսնու՝ Արսեն Վանիկի Խաչատրյանի հետ, որը վերածվել է փոխադարձ կռվի, և որի ընթացքում փոխադարձաբար ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ընթացքում Արթուր Շահնազարյանը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, չպարզված դանակով հարվածներ է հասցրել փեսային՝ Արսեն Խաչատրյանին՝ պատճառելով գլխի ձախից ծոծրակային շրջանի, աջ ականջախեցու, ձախ ուսահոդի շրջանի առաջային մակերեսի մեկական ծակած-կտրած վերքեր, աջ ծոծրակային շրջանի, պարանոցի ստորին երրորդականի աջ կեսի առաջակողմնային մակերեսի արյունազեղումներ, ինչպես նաև աջ թշային շրջանի ճանկռվածք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։
Բացի այդ, Արթուր Վարդանի Շահնազարյանը 2025 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցի հարակից հատվածում գտնվող «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, մասնակցելով ազգականի հուղարկավորության արարողությանը, չպարզված դրդապատճառով, հուղարկավորության մասնակից Անդրանիկ Միրանի Ղազարյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, անտեսելով եկեղեցում գտնվելու և բազմության ներկայության հանգամանքը, իր մոտ եղած ծալովի դանակով թիկունքի կողմից մոտեցել է Անդրանիկ Ղազարյանին և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կրծքավանդակի հետին մակերեսին, պարանոցին և գլխին, ապա դիմել փախուստի։ Իսկ Անդրանիկ Ղազարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























