Երկու «ապօրինի կառույցների» քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում, հայտարարում են Բաքվից՝ հաստատելով, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։ «Ազատության» Պրահայի գրասենյակում արբանյակային թարմ լուսանկարներն են վերլուծել՝ հստակ երևում է՝ հսկա մայր տաճարի տեղում սպիտակ սալահատակն է, Սուրբ Հակոբի տեղում՝ սև հող։

Կովկասի մահմեդականների վարչությունն է պատասխանել Մայր Աթոռի օրեր առաջ տարածած հաղորդագրությանը, որում խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Բաքուն հայտարարում է, որ այս երկու եկեղեցիները «օկուպացիայի խորհրդանիշներ էին»։


«Հայրենի տարածքներ վերադարձող նախկին հարկադիր տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին, դատական ատյաններին՝ օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունների ապամոնտաժման պահանջով», – ասված է հաղորդագրության մեջ։
Այդ ովքե՞ր են վերադառնում․ Ստեփանակերտում շատ քիչ էին ադրբեջանցիները և ապրում էին Կրկժանի վերին թաղում և ոչ եկեղեցու թաղերում, հակադարձում է Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Կոնկրետ Ստեփանակերտում միշտ էլ հայ բնակչությունը ոչ թե մեծամասնություն է կազմել, այլ եղել է գերակշռող, այսինքն՝ Ստեփանակերտը միշտ եղել է մեծամասամբ հայաբնակ քաղաք: Ադրբեջանցիներն ապրել են որոշակիորեն Կրկժանի վերին թաղում, եղել են տարբեր շրջաններից բերված 1960-ականներին, որպեսզի փոխեն ԼՂԻՄ ժողովրդագրական իրավիճակը: Այնպես որ, Կովկասցի մահմեդականների միության հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․





























