Շենգավիթում տարեց կնոջը դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու դեպքով մինչ օրս որևէ անձ ձերբակալված չէ։ Իրավապահ համակարգում իրականացվում է բազմակողմանի քննություն։
Շենգավիթ վարչական շրջանում կնոջը դանակի հարվածներով սպանելու դեպքից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Տարեց կինը, ըստ նախնական վարկածի, նշված հասցեում ապրել է թոռան հետ։ Վերջինս աշխատանքի է եղել, և երբ վերադարձել է տուն, հայտնաբերել է տատիկին սպանված, իսկ տունը՝ տակնուվրա արված։
Ըստ նախնական վարկածի՝ ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները բնակարան են մտել գողության նպատակով և սպանել են կնոջը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված կինը տոկոսով գումար է տվել մարդկանց (փոխառություն), և չի բացառվում, որ ենթադրյալ հանցագործները տեղեկացված են եղել այդ մասին ու իրականացրել են ավազակային հարձակում։ Այս պահին ձերբակալված անձ չկա, իրավապահները իրականացնում են օպերատիվ աշխատանքներ։ Վարկած կա նաև, որ հնարավոր է տարեց կնոջ նկատմամբ հաշվեհարդար են տեսել տոկոսով գումար վերցնողները։
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ ապրիլի 9-ի գիշերը օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել նաև քրեական և համայնքային ոստիկանները։ Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և, կարելի է ասել, միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00–13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























